Tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, Սուրբ Աթոռում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել իտալական La Stampa հեղինակավոր թերթին՝ վերհիշելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունը Հայաստան և այդ այցի նշանակությունն ապագային նայելու համար:

Ինչպես գրում է La Stampa-ն, Հայաստան ուղևորությունը, որը Ֆրանցիսկոս պապը կատարեց 2016 թվականի հունիսին, այն քիչ ուղևորություններից էր, որ Պապն արդեն իսկ որոշել էր պաշտոնի անցնելու հենց սկզբում:

Պարբերականի՝ Վատիկանին անդրադարձող բաժինը (Vatican Insider) հարցրել է դեսպան Միքայել Մինասյանին, թե ինչ նշանակություն ուներ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցը:

«Խորհրդանիշերով և հույզերով լի այդ այցը, կարծում եմ, հիանալի կերպով արտահայտել է Ֆրանցիսկոս պապի առանցքային արժեքների կարևորությունը, ինչպիսիք են՝ համերաշխությունը, աշխարհի հանդեպ բաց լինելը և ազատությունը։ Համերաշխություն հայ ժողովրդի հետ, ժողովուրդ, որն այդքան տառապել է, և Պապը սովորեցնում է, որ հնարավոր չէ համերաշխ չլինել նրանց հետ, ովքեր տառապում են։ Աշխարհի հանդեպ բաց լինելը, որովհետև հայերին քաջություն տվեց իրենց բացել աշխարհի առաջ, ազատվել դեռևս այսօր թուրքական կառավարության մերժողական քաղաքականությունից բորբոքվող ցավի կապանքներից: Եվ վերջապես ազատություն, Պապի անձնական ազատությունը, որ նա անտեսեց  ճնշումները՝ մյուս երկու արժեքները փոխանցել կարողանալու համար»,- ասել է Միքայել Մինասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել