Panarmenian.net-ը գրում է.
Հայոց ցեղասպանության տարիներին Հայաստան Վարժապետյանի ընտանիքը զոհվել էր, իսկ ինքը՝ դուրս գալով թուրքական մարագից, վառել էր այն՝ ներսում թուրքերի հետ միասին: Նրա ծոռ՝ Գոհար Ասելեսյանը, ArmenianGenocide100.org-ին էր ներկայացրել Հայաստան տատի պատմությունը:

«Այն, ինչ պատմելու եմ ստորև, հիմնված են իրական փաստերի վրա, որոնք լսել եմ անձամբ Հայաստան տատից ու ներկայացնում եմ ամբողջովին նույնությամբ: 1915 թ-ին Հայաստան տատիկը ամուսնացած է եղել մի հարուստ վաճառականի հետ, ունեցել է երկու որդի՝ 3 և 5 տարեկան: Պատմում էր, թե ինչպես է թուրքը մտել գյուղ: Առաջինը սպանել են ամուսնուն:

Խուճապի մատնված մայրը ճչացել է, որ երեխաները փախչեն: Թուրքը բռնել է երեխաներին ու գլխատել նրանց հենց մոր աչքերի առաջ: Վշտից ու ցավից խելակորույս կինը փորձել է փախչել: Թուրքը վազել է նրա հետևից, հասել ու սկսել քաշքշել: Այդ ընթացքում գլխից սահել-ընկել է գլխաշորը ու թուրքը քարացել է՝ տեսնելով նրա գեղեցկությունը:

Հիշում էր, թե ինչպես է զարմանքից բարբաջել՝ «Մաշալաաա»… ու քարշ տվել մարագը… Հետո մի պահ լռելուց հետո շարունակում էր… «Ուշքի եկա…լուսանում էր…վեց-յոթ թուրք մարագում հարբած ընկած մռափում էին…»:

Զգուշությամբ դուրս է գալիս մարագից, կամաց դրսից գցում դռան կեռանը ու…հրդեհում: «Մինչև հիմա ականջներիս մեջա էդ անասունների վայնասունը…խելագարի նման փախչում էի մթության մեջ՝ ցավից ու վշտից ճչալով… մեկ- մեկ կանգնում ու հետ էի նայում …արդեն լուսանում էր ու կիսախավարի մեջ երևում էր վառվող մարագի սև ծուխը՝ թուրքի ճենճոտ ծուխը… մեկ լալում էի, մեկ ծիծաղում՝ գժի նման….ըտենց հասա Աղին…»,- պատմում էր Հայաստան տատիկը:

Ահա այսպես քաջ կնոջը հաջողվում է վրեժխնդիր լինել իր երեխաների ու ամուսնու համար:

Ասելեսյանը պատմում է, որ Աղինում արդեն տարածվել էր, որ գյուղում ապաստան է գտել թուրքի յաթաղանից փրկված մի գեղեցկուհի: «Ասում են, թե գյուղի երիտասարդ տղաներն ամեն օր գնացել են աղբյուրը՝ հույս ունենալով գոնե մեկ անգամ տեսնել այդ գեղեցկուհուն, բայց ավաղ, ձմեռն այդպես էլ անցնում է և նրանց չի հաջողվում տեսնել գեղեցկուհուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել