Թբիլիսիում Ջահերով երթի մասնակիցներն իշխանություններին կոչ են արել ընդունել ՑեղասպանությունըPanARMENIAN.Net-ը գրում է.

Մեկ տարվա ընդմիջումից հետո «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունն ապրիլի 23-ին Թբիլիսիում Ջահերով երթ է իրականացրել: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին կազմակերպված Ջահերով երթը սկիզբ է առել Թբիլիսիի Վակե թաղամասի Հաղթանակի զբոսայգուց, ապա անցել կենտրոնական Ճավճավաձե պողոտայով մինչև Թուրքիայի դեսպանատուն: Ջահերով, մոմերով, Հայաստանի և Վրաստանի պետական դրոշներով, ճանաչում, դատապարտում, հատուցում վանկարկելով` ցուցարարները պողոտայի մայթերով 15 րոպե տևողությամբ երթ են իրականացրել, հաղորդում է Aliq.ge կայքը:

«Ցեղասպանությունը պետք է ճանաչվի և դատապարտվի, որպեսզի այն չկրկնվի, այսօր մենք հենց այդ ճանաչմանը հասնելու նպատակով ենք կազմակերպել երթը»,- ասել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության տեղեկատվական բաժնի պատասխանատու Ալեքսանդր Օհանյանը:

Արդեն Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում երթի մասնակիցները փոքր հանրահավաք են անցկացրել: Ցուցարարները կոչով դիմել են նաև Վրաստանի կառավարությանը՝ «Մի կողմ դնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների կարևորությունը և ընդունել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը»: Ցույցի մասնակիցները նաև երգել են «Գետաշեն» երգը: Ջահերով երթի անվտանգությունն են ապահովել տասնյակ ոստիկաններ, ներկա էին նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ:

2015 թվականին հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ, այդ թվում նաև Թբիլիսիում 2007 թվականից կազմակերպվող Ջահերով երթը չէր իրականացվել` հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների մտահոգությունը, դիրքորոշումը և հորդորը, սպասվելիք հնարավոր սադրանքների վերաբերյալ:

Այս տարի ևս, Թբիլիսիի քաղաքապետարանը նպատակահարմար չէր համարել Ջահերով երթի անցկացումը` պատճառաբանելով, թե քաղաքի կենտրոնական պողոտայում նման միջառման անցկացումը կարող է խոչընդոտել երթևեկությանը: Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի երթին ներկա չէին հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հոգևորականներ, համայնքային կառույցների ղեկավարներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել