Ղազախստանը ցանկանում է զրահամեքենաներ մատակարարել Ադրբեջանին։ Այդ մասին հայտարարել է Kazakhstan Paramount Engineering փոխտնօրեն Յոհան Դելպորտը։
Խոսքը գնում է Արլան զրահամեքենաների մասին։ Այդ բազմաֆունկցիոնալ զրահամեքենան ունի MRAP (mine resistant ambush protected) տիպի պաշտպանություն, հակաականային ուժեղ պաշտպանությամբ (STANAG 3b):

Ղազախստան-Ադրբեջան տանդեմի կապերը զարգանում են բոլոր ոլորտներում` դա չնայած այն հանգամանքին, որ Ղազախստանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ է, ինչպես Հայաստանը, որի հետ Ադրբեջանը գտնվում է պատերազմական վիճակում։
Ադրբեջանի տարածքով դեպի Բաթումի տեղափոխված ղազախական նավթի և նավթամթերքների ծավալը կազմել է 2016թ.-ին 1,6 միլիոն տոննա։ Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Բեյբիթ Իսաբաևը հայտարարել է որ Ադրբեջանի տարածքով անցնող կովկասյան ուղղությունը թույլ կտա Ղազախստանի դուրս գալ եվրոպական շուկաներ։ Իր հերթին Ղազախստանն Ադրբեջանի համար ճանապարհ է բացում դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան։
Այս պահին Ղազախստանում գործում է ադրբեջանական կապիտալով ավելի քան 700 ձեռնարկություններ, իսկ Ադրբեջանում ղազախական կապիտալով` մոտ 60։

Ադրբեջանն ու Ղազախստանը կառուցում են նոր նավթամուղ՝ Եսկենե-Կուրիկ-Բաքու՝ 739 կմ երկարությամբ: Այդ մասին նշված է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևի հոդվածում:Նրա խոսքով, Ղազախստանն ունի հանքային մեծ ռեսուրսներ, որոնք կազմում են 5,5 միլիարդ տոննա նավթ ու 3 տրիլիոն խմ գազ:
Ադրբեջանա-ղազախական տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ կենսականորեն հետաքրքրված է նաև Անկարան:

Թուրքիան և Ղազախստանը ստեղծել են համատեղ կոնսորցիում, որի մեջ ընդգրկվել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը, որպես տարանցիկ երկրները՝ Սև ծով-Կասպից ծով ուղղության վրա՝ թուրքական ապրանքները այդ թվում Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծով, այնուհետև Բաքու-Աքթաու ու Բաքու-Կուրիկ լաստանավային փոխադրումներով ասիական շուկաներ հասցնելու համար՝ Մետաքսի ճանապարհի շրջանակներում:

Թուրքիայի համար, ինչպես նաև Ղազախստանի, ռազմավարական նշանակություն ու դեր ունի նաև Ադրբեջանը, որպես տարանցիկ երկիր՝ Բաքուն իր տրանսպորտային-էներգետիկ ենթակառուցվածքներ է տրամադրում թե Անկարային՝ Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, ինչպես նաև Աստանային՝ ՌԴ-ը շրջանցող, այլընտրանքային ճանապարհով կասպյան Աքթաու ու Կուրիկ ղազախական նավահանգիստներով ապրանքներ, էներգակիրներ դեպի Արևմուտք՝ Թուրքիա, սևծովյան երկրներ, ԵՄ արտահանելու համար:
Այս առումով ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական առանցքը, որի բաղկացուցիչ տարրեն են լինելու Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծն, ու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն՝ ի հավելում Պեկինի կողմից ակտիվորեն առաջ մղվող Մետաքսի ճանապարհի:

Վերոնշյալ երկրներին կապում է պանթուրքիստական, պանիսլամական գաղափարախոսությունն ու պրագմատիկ, տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը: Ղազախստանը ձգտում է ՌԴ-ի ազդեցությունը հավասարակշռել մի կողմից Չինաստանով, իսկ մյուս կողմից եղբայրական՝ կրոնի ու ծագման առումով Թուրքիայի օգնությամբ: Ադրբեջանն այս պարագայում լինելով Կասպյան երկիր իր տարանցքն է տրամադրում եղբայրական Ղազախստանին՝ տարանցման համար ստանալով ինչպես տնտեսական օգուտներ՝ դառնալով Արևելք-Արևմուտք միջանցքի կարևոր օղակը:
Բացի այդ, Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի և Ղազախստանում կառուցվող Կուրիկ նավահանգստի միջև գործելու են նոր լաստանավային փոխադրումներ:Նախատեսվում է Կուրիկում՝ Բաքվի նավահանգստի նման ազատ տնտեսական գոտի ստեղծել, իսկ այդ նոր ղազախական նավահանգիստն օրը սպասարկելու է մինչև հինգ լաստանավ, այսինքն տարեկան չորս միլիոն տոննա բեռ:
Ակտիվ են կապերը նաև գյուղատնտեսական ոլորտում՝ Ղազախստանը 2016-2017 թթ.-ին նախատեսում է ավելացնել Ադրբեջան ցորենի արտահանումն՝ այն հասցնելով 100 հազար տոննայի: Իր հերթին, Ադրբեջանը մինչև այս տարվա ավարտ Ղազախստանի Մանգիստաուտյան նահանգում շահագործման է հանձնելու լոգիստիկ կենտրոն, որը կառուցվելու է «Azersun Holding»-ի կողմից:
Աքթաու նավահանգստում կառուցվող այդ կենտրոնը նախատեսված է տարբեր ապրանքներին, մասնավորապես մրգերի ու բանջարեղենի պահեստավորման համար, որոնք հետագայում վաճառվելու են Ղազախստանում: Այդ կերպ, Աստանան ու Բաքուն ապրապնդում ու նոր շունչ են տալիս Կասպյան տրանսպորտային միջանցքին:
Այդ պանթուրքիստական ռազմավարական տանդեմի կուրացիոյով զբաղվում է Թուրքիան` Անկարային ձեռնտու է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան էներգետիկ-տրանսպորտային, հետագայում նաև ռազմա-տեխնիկական հենքի վրա համագործակցության զարգացումը։
Նշենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են համատեղ զորավարժություններ իրականացնել:

Զորավարժություններին ներգրավված են լինելու մեծ թվով զինծառայողներ, զրահատեխնիկա, ականանետեր, ռազմական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային համալիրներ: Զորավարժությունները տեղի են ունենալու Ադրբեջանում 2017թ.-ի մայիսի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում:
Չմոռանանք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըկը հայտարարել է, որ մայիսից Թուրքիան սկսելու է Altay տանկի զանգվածային արտադրությունը։
Նա նաև նշել է, որ շուտով զորքերին է տրամադրվելու Atak հարվածային ուղղաթիռները։ Նախարարը հավելել է, որ Թուրքիան սկսել է արտադրել սեփական անօդաչուները, նավերն ու արբանյակները։

Թուրքիայի ռազմա-արդյունաբերական համալիրը սկսել է սեփական զինված ուժերը հայրենական արտադրության զենքերով զինելու և այդ առումով ինքնաբավ դառնալու գործընթացը։ Հաշվի առնելով Ադրբեջանի հետ Անկարայի ռազմավարական սերտ համագործակցությունը, այդ թվում ռազմա-տեխնիկական համագործակցության առումով` սպայական կազմի պատրաստում, հատուկ ջոկատայինների պատրաստում ու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, Անկարան կարող է սեփական արտադրության տանկերն ու ուղղաթիռները արտոնյալ պայմաններով վաճառել Ադրբեջանին` ռուսական կողմին «դուրս մղելով» Ադրբեջանի զինված ուժերից։
Ադրբեջանը տանկերն ու զրահատեխնիկան հիմնականում այս տարիների ընթացքում զանգվածաբար գնել է ՌԴ-ից, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրներում` Ուկրաինա, Բելառուս, իսրայելցի և այլ մասնագետների կողմից վերազինելով դրանք։ Չմոռանանք, որ Ադրբեջանը նորագույն զինատեսակներ է գնում նաև Իսրայելից` անօդաչուներ, հրթիռային, ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև ձգտում գտնել զենքերի գնման նոր շուկաներ` հեռանկարային է այդ առումով Պակիստանը, որի հետ Բաքուն արդեն իսկ նախապատրաստում է մի շարք պայմանագրեր ` զինատեսակների գնման առումով` հատկապես հեռահար հրթիռներ, հնարավոր է նաև կործանիչներ։

Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեն սուլթանական լիազորություններով է օժտել Էրդողանին, ով այժմ` բանակի նկատմամբ ձեռք բերելով լիարժեք իշխանություն ու վերահսկողություն ու հաշվի առնելով Ալիևի հետ սերտ կապերը, կարող է փորձել թուրքական զինատեսակները վաճառելով «կրտսեր եղբայր» Ադրբեջանին` ՌԴ-ին, Իսրայելին աստիճանաբար դուրս մղել «ադրբեջանական զենքերի» շուկայից։
Անցումը խորհրդային զինատեսակներից` տանկեր, զրահատեխնիկա և այլն դեպի թուրքականը ժամանակ է պահանջում, սակայն հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տասնամյակներ տևող ռազմա-տեխնիկական բաց և գաղտնի համագործակցության աստիճանն` այդ աստիճանական անցումը կարող է զբաղեցնել մի քանի տարի, ինչը զինված ուժերի համար ընդունելի ժամանակացույց է։ Նկատենք, որ ԶԼՄ-ներում արդեն իսկ տեղեկություններ են հայտնվել, որ Բաքուն գնել է թուրքական հարվածային Atak ուղղաթիռներ` ի հավելումն ռուսական արտադրության «MИ» տարբեր մոդիֆիկացիաների ուղղաթիռների, որոնք առկա են Արդրբեջանի զինված ուժերի զինանոցում։

Բացի այդ, Ադրբեջանը գնել է նաև թուրքական T-122 Sakarya ռեակտիվ համակարգեր, ինչը խոսում է այն մասին, որ Բաքուն չի ցանկանում հրետային, հրթիռային և այլ զինատեսակներում կախվածություն ունենալ մի կենտրոնից` լինի դա ՌԴ-ը կամ Իսրայելը։
Վառ օրինակ է նաև սեփական արտադրության հարվածային և հետախուզական անօդաչուների գործարանի հիմնումն ու անօդաչուների զանգվածային արտադրությունն Ադրբեջանում` տարիներ շարունակ Բաքուն միլիոնավոր դոլարների անօդաչուներ է գնել Իսրայելից` այժմ նրանք փորձում են նմանատիպ անօդաչուներ արտադրել Ադրբեջանում` նվազեցնելով ռազմա-տեխնիկական կախվածությունն Իսրայելից։

Չմոռանանք, որ Թուրքիան սկսել է սեփական արտադրության, նոր սերնդի Anca անօդաչուների արտադրությունը` դրանք նույնպես ժամանակի ընթացքում տրամադրվելու են Ադրբեջանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել