Artsakhpress.am-ը գրում է.

Ամերիկյան Time ամսագիրն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին՝ ընդգծելով ֆիլմի հիմքում ընկած պատմական իրողությունները:

Պարբերականը նշում է, որ ֆիլմի ցուցադրությունը համընկնում է Ապրիլի 24-ի՝  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ:

«1915թ-ի հենց այդ օրը հարյուր հազարավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Օսմանյան կայսրության կողմից, որը համարվում է Հայոց ցեղասպանության սկիզբը...Ցեղասպանություն տերմինը դեռևս մնում է վիճահարույց դեպքերից ավելի քան մեկ դար անց»:

Հոդվածում նշվում է, որ Առաջին համաշխարհայինի տարիներին Օսմանյան կայսրության իշխող կուսակցությունը Թուրքիայում ապրող ամենամեծ քրիստոնյա փոքրամասնությանը՝ հայերին բնաջնջելու ծրագիր է մշակել, որի արդյունքում հայերի ունեցվածքը բռնագրավվեց, ժողովրդին ենթարկեցին տեղահանությունների դեպի Սիրիական անապատ, որի ընթացքում շատերը մահացան:

«1914թ-ին Օսմանյան կայսրությունում ապրում էր մոտ 2.1 միլիոն հայ, իսկ մինչև 1922թ-ը մոտ 387,800 հայ մնաց երկրում», - ասված է հոդվածում:

Աղբյուրը նշում է, որ հայերը ավելի քան մեկ դար պայքարում են, որպեսզի Թուրքիայի և աշխարհի մյուս երկրների իշխանությունները Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածները որակեն որպես Ցեղասպանություն:

Նայև հիշեցվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրժեց իր նախընտրական խոստումը և Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված իր ելույթում չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը:

«Ըստ Հակական ազգային ինստիտուտի տվյալների՝ առնվազն 26 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,-հավելում է հեղինակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել