Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն անդրադառնում է տարածաշրջանային և դրանից դուրս առաջիկա զարգացումներին, հարցին, թե արդյո՞ք նախագահ Թրամփը կարտասանի «ցեղասպանություն» բառը։

-Պարո՛ն Կիրակոսյան, ապրիլի 24-ը մոտենում է, և հայությանն այս օրերին կրկին հուզելու է հարցը՝ արդյո՞ք Թրամփը կարտասանի «ցեղասպանություն» բառը: Հիմնական մասն այն կարծիքին է, որ չի արտասանի, նախ որովհետև երբեք այս մասին չի խոսել, երկրորդ, որ Թուրքիայի հետ շահեր ունի: Սակայն կան նաև վերլուծաբաններ, որոնք գտնում են, որ Թրամփը անկանխատեսելի գործիչ է, և նրանից ամեն ինչ կարելի է սպասել, այդ թվում, որ կասի՝ Հայոց ցեղասպանություն:

-Շատ քիչ հավանականություն կա, որ Թրամփի վարչակարգը ապրիլի 24-ին կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ արտաբերելով  «ցեղասպանություն» բառը: Ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնը կօգտագործի նույն այն տերմինաբանությունը, որն առկա է Սպիտակ տան նախկին հայտարարություններում, և կա 2 գործոն, որ վկայում է այն մասին, որ ոչինչ չի փոխվել այս հարցում ԱՄՆ քաղաքականության մեջ: Առաջինն այն է, որ նախագահ Թրամփը մտադիր է առաջ տանել Թուրքիայի՝ առավել գործընկերային ներգրավման ռազմավարություն «Իսլամական պետության» դեմ պայքարում և Սիրիայի շուրջ գործողությունների հարցում։ Սա պարզորոշ երևում է Թուրքիայի նախագահ Էրդողանին Թրամփի հույժ արագ շնորհավորանքներից, չնայած նրան, որ ԱՄՆ Պետական դեպարտամենտը Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն որակել էր թերի և ոչ անբիծ: Երկրորդ գործոնն, անշուշտ, այն է, որ Թրամփը անցյալում Թուրքիայում բիզնես կապեր է ունեցել, որոնք, կարծես, տարորոշում են նրա առաջնահերթությունները՝ բացասական կերպով և ի վնաս ԱՄՆ-ի շահերի:

-Նշվում էր, որ ԱՄՆ-ում գործող հայկական սփյուռքի կազմակերպությունները փորձում էին Թրամփի և նրա վարչակարգի հետ կապեր հաստատել, ինչը, մեր տեղեկություններով, չի հաջողվում: Ինչո՞ւ և ի՞նչ կանխատեսումներ ունեք այս առումով:

-Չեմ կարող ասել: Ես տասը տարուց ավելի է՝ ապրում եմ Հայաստանում և տեղյակ չեմ նրանից, թե ինչ է կատարվում Սփյուռքում:
-Ռուս-ամերիկյան հարաբերությունները հերթական անգամ ճգնաժամային փուլում են գտնվում, ավելին՝ ռուսական հեռուստատեսություն նայելիս թվում է՝ շուտով սկսվելու է Երրորդ համաշխարհային պատերազմը: Այս հարաբերություններում որքանո՞վ եք իրատեսական համարում Լևոն Տեր-Պետրոսյանի այն վերլուծությունը, որ 1-2 հարց է մնում չլուծված, որ Արևմուտքը ՌԴ-ին տվել է Ղարաբաղյան հարցը լուծելու «օրհնությունը»։

-Նախկին նախագահի վերլուծության մեջ առկա բազմաթիվ թերությունների մեջ նրա ամենալուրջ սխալը չափազանց մեծ հույս և վստահություն ունենալն է ենթադրության մեջ, որ Ռուսաստանը միակողմանի կերպով կորոշի օրակարգը տարածաշրջանում: Անգամ Պուտինի դեպքում՝ նա պետք է ավելի զգույշ լինի, և իրավիճակն այնքան պարզ չէ, ինչպես Տեր Պետրոսյանը, կարծում եմ, կարծում է:

-Թուրքիան աշխարհիկից դառնում է ավելի հոգևոր իսլամական պետություն։ Որքանո՞վ է հավանական, որ նոր Սահմանադրությամբ Թուրքիան Հայաստանի համար էլ ավելի վտանգավոր հարևան պետություն կդառնա:

-Նախագահ Էրդողանը շարունակելու է պայքարել օր օրի ավելացող մարտահրավերների դեմն առնելու համար: Ճգնաժամում գտնվող տնտեսությունից, յոթ տարվա ընթացքում գործազրկության ամենաբարձր ցուցանիշից, անկում ապրող զբոսաշրջությունից և մեկ տարում մեկ հինգերորդով թուլացած արժույթից բացի Էրդողանը նաև բախվում է ևս երեք սպառնալիքի՝ քրդերի դեմ ներքին ռազմական արշավը, Սիրիայում բարդ, միջսահմանային ռազմական միջամտությունը և մշտապես առկա ահաբեկչության սպառնալիքը: Եվ հաշվի առնելով աշխարհում սիրիացի փախստականների ամենամեծ թիվը՝ Թուրքիայի առաջնորդի համար հեռանկարը, ինչքան էլ նա ուժեղ լինի, մնում է նույնքան հիասթափեցնող, որքան վախեցնող:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել