Tert.am-ը գրում է.
 Վիզաների դյուրացումից ազատականացմանն անցնելու գործընթացը թափանցիկ է: Այն 4 տարվա բարեփոխումների փաթեթ է, և Հայաստանից է կախված լինելու՝ ազատականացման գործընթացն արագացված կարգով կընթանա՞, թե ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Թևան Պողոսյանը:
 «Կարծում եմ, որ գործընթացները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում, Հայաստանի պարտաճանաչությունը, լավ «բագաժ» են, որ ինչ-որ չափով արագացված, մոտակա 2-3 տարիների ընթացքում պատրաստ լինի վիզաների ազատականացման տրամադրումը ԵՄ կողմից»,- ասաց Թևան Պողոսյանը՝ նշելով, որ Հայաստանի և ԵՄ միջև վիզաների ազատականացման շուրջ բանակցային գործընթացը կմեկնարկի այս տարի:  
 Պողոսյանն ասաց, որ Հայաստանի կողմից տեխնիկական ձգձգվածությունների խնդիր չի եղել ու չի լինի, որովհետև Հայաստանը ձգտում է ազատականացնել վիզաները: «Տեխնիկական որևէ խոչընդոտ չունենք, մնում է՝ պարզապես թևաթափ չլինենք, մեր տնային աշխատանքը կատարենք: Վստահ եմ, որ ԵՄ կողմից էլ տեխնիկական խոչընդոտներ չեն լինի, իսկ քաղաքական որոշումը կգա այն ժամանակ, երբ ամբողջովին պատրաստ լինի»,- նշեց պատգամավորը:
 Հարցին, թե վիզաների ազատականացման համար քաղաքական խոչընդոտ կարո՞ղ է հանդիսանալ այն հանգամանքը, որ Հայաստանը եվրաինտեգրման ուղով չի ընթանում, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Մենք նախաստորագրել ենք ՀՀ-ԵՄ միջև համաձայնագիր, որի քաղաքական փաթեթը Ասոցացման համաձայնագրից, ինչպես ասում են, ոչնչով չի փոխվել: Սեպտեմբերի 3-ի դասերը քաղելուց հետո, կարծում եմ, որ որևէ խոչընդոտ չունենք ազատականացնելու վիզաները, ընտրություններն էլ, կարծես, այնպես չեն անցել, որ մեզնից երես թեքեն: Այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ, որ աշնանը կստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել