Tert.am-ը գրում է.
 Համայնքը դեռ չի կողմնորոշվել` Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից որին է իր ձայնը տալու, ֆրանսահայերից յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի իր անձնական ցանկություններով․ այս մասին Tert.am-ին հայտնեց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
 Դիտարկմանը, թե Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից որոշները խոսել են հայկական խնդիրների մասին՝ Լեռնային Ղարաբաղի հարցի և Հայոց ցեղասպանության շուրջ, Մուրադ Փափազյանը պատասխանեց, որ լրատվամիջոցն է նրանց այդ թեմաներով հարցեր ուղղել, նրանք էլ խոսել են:
 «Այսօր կոչ չենք անում՝ որևէ թեկնածուի օգտին հայերը քվեարկեն: Կան թեկնածուներ, որ դրական ձևով են արտահայտվել Հայաստանի և Ղարաբաղի մասին, բայց չկա այն թեկնածուն, ինչպես որ էր Ֆրանսուա Օլանդը, որ կարևորություն է տվել հայկական հարցերին, իր հետ քննարկումներ ենք արել, իր հետ աշխատել: Նույն մակարդակի վրա չեն հիմա այլ թեկնածուների հետ մեր հարաբերությունները»,- ասաց նա:
 Մուրադ Փափազյանի խոսքով՝ թեկնածուները հայ համայնքին ուղղված առաջարկություններով հանդես չեկան, քանի որ նրանք կարծեցին, որ կարող են բավարարվել մամուլին տված իրենք հարցազրույցներով, ինչը, ըստ նրա, սխալ էր:

«Մենք նրանց քաջալերեցինք, որ տարբեր ձևերով իրենց դիրքորոշումը հայտնեն հայկական հարցերի վերաբերյալ՝ մեր, համայնքի առջև, որպեսզի լավ հասկանանք իրենց դիրքորոշման մակարդակը: Բայց նման բան տեղի չունեցավ: Եվ հիմա մենք հստակորեն իրենց մասին ո՛չ բացասական, ոչ էլ դրական կարծիք չունենք»,- ասաց նա:
 Մուրադ Փափազյանը նշեց, որ իրենց ցանկությունն ու պահանջը թեկնածուներից այն է, որ նրանք քաղաքական հարաբերություններ ունենան իրենց հետ: «Թեկնածուները պետք է ընդունեն համայնքին, երկխոսություն պետք է տեղի ունենա, որպեսզի մենք կարողանանք դատել՝ նրանց ասածները միայն ընտրակա՞ն կեցվածք են, թե՞ քաղաքական: Այդ առիթը չունեցանք: Դրա համար համայնքը և ոչ մի կազմակերպություն որևէ թեկնածուի օգտին չի աշխատում: Դրա համար ընտրությունների առաջին փուլի համար որևէ մեկին ընտրելու կոչ չենք արել»,- ասաց նա:
 Փափազյանի խոսքով՝ համայնքը դեռ սպասում է երկրորդ փուլին: Ապրիլի 24-ին՝ ընտրության հաջորդ օրն արդեն միջոցառում է լինելու, որին ներկա են լինելու Ֆրանսուա Օլանդը և երկրորդ փուլ անցած երկու թեկնածուները:
 «Կդատենք․եթե երկրորդ փուլի առիթով կարելի լինի կոչ անել, կանենք: Հիմա այդ փուլից առաջ ոչինչ չենք անում»,- ասաց նա:
 Հարցին, թե ինչ է կարծում, արդյոք համայնքն իր լծակները չի՞ կորցնի, եթե որևէ թեկնածուի կողմից հանդես չգա, նա պատասխանեց․ «Չենք կորցնի: Նույնը չէ Ֆրանսուա Օլանդի հետ համեմատած:  Բոլորովին տարբեր է, քանի որ Ֆրանսուա Օլանդի հետ երկար պատմություն ունենք: Ժամանակ ենք ունեցել, որպեսզի նա կարողանա փաստել մեզ, որ հայ ժողովրդի և Հայ դատի բարեկամն է: Այս անգամ չկա նման բան: Դեռ երկրորդ փուլ կա, համայնքը պետք է կողմնորոշվի, դեռ ապրիլի 24 կա և հնարավոր է, որ համայնքը կողմնորոշվի: Եթե թեկնածուներն իրենց դիրքորոշումը չհայտնեն, իրենք գիտեն, որ ձայները քիչ չեն, մենք էլ չենք կողմնորոշվի: Պետք է թեկնածուները երաշխիք մեզ տան, որ իրենց դիրքորոշումները կեղծ չեն»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել