Tert.am-ը գրում է.
 Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը և պատրիարքարանի Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը այսօր հանդիպում կունենան ստամբուլահայ հիմնադրամների նախագահների հետ, այս մասին հայտնում է «Ակօսը»: 
 Բարձրաստիճան երկու հոգևորականները համայնքի ներկայացուցիչների հետ կքննարկեն Պոլսի պատրիարքի ընտրության շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը և Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո իրենց անելիքները:
 Նշենք, որ ավելի վաղ Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններում Բեկչյանին պարտված Արամ Աթեշյանը, խնդրել էր Բեկչյանին սպասել մինչև Թուրքիայում ապրիլի 16-ի հանրաքվեի ավարտը, որից հետո խոստացել էր հրաժարական տալ և պատրիարքի տեղապահի լիազորությունները փոխանցել Բեկչյանին: Նա նաև առաջարկել էր դրանից հետո նրան շնորհել լուսարարապետի պաշտոնը:
 Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել