2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը, ընտրատեղամաս գնալիս, նկատելով Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց հավաքված քաղաքացիներին և ընտրությունների ընթացքը նշված տարածքում լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանին, մոտեցել է վերջինիս և պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն լրագրողը շարունակել է իրականացնել իր լիազորությունները:

Այդ ընթացքում Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքավորումը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացմանը:
 Այսպիսով, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել