Tert.am-ը գրում է.
 Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության դեմ առաջին մեծ հանցագործությունն է, իսկ բազմաթիվ հայերի ժամանումը Ֆրանսիա կարևոր իրադարձություն է եղել երկրի պատմության համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցությունը ներկայացնող նախագահի թեկնածու Մարին Լը Պենը՝ պատասխանելով «Nouvelles d’Armenie»-ի հարցերին:
 «Ես կշարունակեմ հարգել Ցեղասպանության հիշատակը, որին զոհ է դարձել հայ ժողովուրդը, քանի որ խոսքը 20-րդ դարում մարդկության դեմ գործված առաջին մեծ հանցագործության մասին է: Ավելին, 1915 թվականին Ֆրանսիա բազմաթիվ հայերի ժամանումը կարևոր իրադարձություն է եղել մեր երկրի պատմության մեջ, քանի որ նրանք շատ բան են տվել մեր երկրին, մասնակցել են երկրի վերականգնմանն Առաջին համաշխարհային պատերազմից հետո և հիանալի կերպով ինտեգրվել են հասարակությունում»,- ասել է Լը Պենը:
 Նախագահի թեկնածուն, սակայն, խոսելով Հայոց ցեղասպանության հիշատակման օր սահմանելու մասին, նշել է, որ հանրապետության օրացույցը պետք է սահմանափակվի ֆրանսիացի ժողովրդի հավաքական հիշողությանը վերաբերող պատմական իրադարձություններով: «Կարևոր է պահպանել հայերի ապրած ողբերգության հիշողությունը, բայց դա չի վերաբերում պաշտոնական օրացույցին»,- ասել է նա:
 Լը Պենը նշել է, որ նա կարևոր է համարում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից և որ Թուրքիան վերջապես սկսի լուրջ վերաբերել «իր պատմության այդ սարսափելի էջին»:
 «Ֆրանսիան պետք է ամբողջովին աջակցի այդ ճանաչման համար տարվող պայքարին՝ մարդու իրավունքների հայրենիքի կարգավիճակը և երկրում ապաստան ստացած և հաջողությամբ ինտեգրված մեծ թվով հայերին հաշվի առնելով»,- ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել