Յուրաքանչյուր մարդ իր մեջ կենսաբանական ժամացույց ունի, որը գտնվում է ուղեղի խորքում: Դրա օգնությամբ մեր օրգանիզմը հասկանում է՝ գիշե՞ր է, թե՞ ցերեկ, ձմե՞ռ, թե՞ ամառ: Սակայն երբ ինքնաթիռով մի քանի ժամ ճամփորդում ենք, մեր ներքին ժամացույցը խախտվում է՝ չի կարողանում ընկալել ճիշտ ժամանակը, քանի որ, օրինակ, ըստ անցած ժամանակի քանակության՝ պետք է գիշեր լիներ, բայց իրականում առավոտ է: Ժամային գոտու հետ կապված հիվանդությանն անվանում են Ջեթլագի սինդրոմ:

Վերջերս արված հետազոտությունները պարզել են, որ աչքի մեջ գտնվող որոշ բջիջների վրա ազդելով կարելի է հեշտությամբ վերականգնել ներքին ժամացույցի ճշգրտությունը: Մասնագետների հաջորդ քայլը կլինի աչքի կաթիլային դեղամիջոցների արտադրություն սկսելը, որոնք կօգնեն մարդկանց Ջեթլագի սինդրոմի ժամանակ: Փորձերը դեռևս միայն առնետների վրա են արվել, սակայն շատ շուտով մարդիկ էլ հնարավորություն կունենան օգտագործել աչքի կաթիլները:

Մարդու կենսաբանական ժամացույցը ղեկավարում է ուղեղում գտնվող սուպրախիազմատիկ կորիզը: Այն ոչ թե կամայականորեն է որոշում ժամը, այլ կախված որոշ գործոններից: Օրինակ՝ շատ կարևոր է օպտիկական գործոնը. այդպես աչքի օպտիկական նյարդերը ուղեղին տեղեկացնում են լույսի քանակության մասին, և ըստ դրա՝ ուղեղը կարողանում է կողմնորոշվել: Ահա թե ինչպես է մարմինն առավոտյան ինքնըստինքյան արթնանում: Բայց երբ ինքնաթիռով ճամփորդում ենք, մեր աչքը նախատեսվածից երկար ժամանակ ցերեկային լույս է տեսնում, ինչի պատճառով էլ առաջանում է ջեթլագը:Image result for jetlag

Հետազոտության շնորհիվ մասնագետներին հայտնի դարձավ, որ ինչպես մարդիկ, այնպես էլ առնետներն աչքերի մեջ ունեն գանգլիոն կոչվող նյարդաբջիջներ, որոնք ուղեղին փոխանցում են այն, ինչ տեսնում է աչքը: Առնետների մոտ ևս այդ նյարդաբջիջներն են կարգավորում կենսաբանական ժամացույցը:

Փորձերից մեկի ժամանակ առնետների աչքերի առջև հզոր լույս միացրին և միաժամանակ փորձեցին ուսումնասիրել, թե այդ պահին ինչ է կատարվում նրանց ուղեղում: Պարզվեց, որ ուժեղ լույսի առկայության դեպքում ակտիվանում են առնետների ուղեղի սուպրախիազմատիկ կորիզի նեյրոնները, սակայն լույսն անջատելուց անմիջապես հետո դրանք թուլանում են:

Մասնագետների վերջնական եզրակացությունն այն էր, որ ջեթլագի սինդրոմը վերացնելու միակ եղանակը աչքի հատուկ կաթիլների օգտագործումն է, որոնք մի քանի տարվա ընթացքում հավանաբար հասանելի կլինեն բոլորին: Սա իրականում շատ կարևոր խնդիր է, որը հրատապ լուծում է պահանջում, քանի որ օրական տասնյակ հազարավոր մարդիկ են ինքնաթիռով ճամփորդում և ջեթլագի պատճառով մի քանի օր ու անգամ մինչև շաբաթներ տարօրինակ զգացումներ ունենում ժամանակի անճշտության հետ կապված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել