photo.thumbAraratnews.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանին և բարեկամական խմբի անդամներին ապրիլի 18-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, ով ԱԺ հինգերորդ գումարման լիազորությունների ավարտի կապակցությամբ կազմակերպել էր հրաժեշտի ընթրիք:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։
Պարոն Թիան Էրլունը ջերմորեն ողջունել և իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի բոլոր անդամներին՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունը կընդլայնվեն և կամրապնդվեն:
Դեսպան Թիան Էրլունն իր խոսքում նշել է, որ ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի բոլոր անդամները Չինաստանի բարեկամներն են՝  անկախ հաջորդ  խորհրդարանում  կամ  Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի  կազմում  ընդգրկվելու փաստից:

Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ գործող խորհրդարանում ձևավորված Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի և Հայաստանում ՉԺՀ դեսպանության միջև համագործակցությունը և երկու երկրների փոխհարաբերություններն անցած տարիների ընթացքում արդյունավետ զարգացել են՝ անցնելով համատեղ ձեռքբերումներով հարուստ ճանապարհ:

Մասնավորապես կրթության, մշակույթի, տնտեսության և պաշտպանության ոլորտներում արդեն իսկ կան լուրջ ձեռքբերումներ և համագործակցության հեռանկարներ:

Երկուստեք հույս է հայտնվել, որ Հայաստանի և Չինաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը կայուն վերելք կապրի նաև հաջորդ գումարման խորհրդարանի օրոք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել