Tert.am-ը գրում է.
 Դեռ սպասում ենք, պետք է տեսնենք՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ին կնախընտրի խոսել փաստերի լեզվով, թե՞ տուրք կտա Թուրքիայի ճնշումներին: Tert.am-ի հետ զրույցում խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ըստ արժանվույն հարգելու կոչին՝ ասաց Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որն էլ նախաձեռնության հիմնադիրներից է: 

 «Եթե նա մատնանշի բարոյական արժեքների, պատմական փաստերի մասին, նա շատ ճշմարիտ բան կանի: Կնշանակի, որ նա ըստ արժանվույն հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասաց նա:
 Արամ Համբարյանը նշեց, որ ԱՄՆ-ում Թուրքիայի կողմից գործադրվող ճնշումը որոշիչ է միշտ լինում․ նրանք ամեն ինչ անում են, որ ԱՄՆ-ի վարչակազմից և ոչ ոք չարտասանի Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը:
 «Դեռ ժամանակ կա, տեսնենք՝ Դոնալդ Թրամփը կհետևի՞ պատմությանը, փաստերին, բարոյական արժեքներին, թե՞ Թուրքիայի ճնշումներին կենթարկվի»,- ասաց Արամ Համբարյանը:
 Անդրադառնալով ԱՄՆ նոր նախագահ Թրամփի քաղաքականությանը՝ նա նշեց, որ իրենք հիմա փորձում են հասկանալ՝ ինչպես է Միացյալ Նահանգների նոր վարչակազմն աշխատում, որքան է երկրի կառավարումն առաջնորդվում նախագահի որոշումներով և որքան՝ Պետդեպարտամենտի որոշումներով:
 «Մենք դեռ փորձում ենք դա հասկանալ, դեռ ամբողջովին պարզ չէ: Դեռ պետք է պարզենք, թե ԱՄՆ նոր վարչակազմում ինչպես են աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական և այլ հարցերով որոշումները կայացվում»,- ասաց նա

 Հարցին, թե ինքը, որպես հայկական հարցերի լոբբինգն իրականացնող կառույցի ղեկավար, ինչպե՞ս է գնահատում ԱՄՆ նոր վարչակազմի հետ աշխատանքների հնարավորությունը, արդյո՞ք հեշտ է նրանց հետ աշխատելը, նա պատասխանեց․ «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մշտապես աշխատում է կոնգրեսականների հետ և նրա հետ, ով ընտրվում է նախագահ: Դա մեր պարտականությունն է: Մենք ցանկացած որոշում կայացնելիս փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին: Այդ պատճառով մենք բոլորի հետ ենք գործ ունենում: Եթե Կոնգրեսի կամ Սենատի անդամները ցանկանան Հայաստանին օգնել, ցանկանան ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մենք նրանց հետ ենք աշխատելու: Մենք աշխատում ենք մեր բոլոր խնդիրների ուղղությամբ»,- ասաց նա:
 Արամ Համբարյանը, վերադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության թեմային, նշեց, որ տարիներ առաջ Թուրքիան շատ ավելի լավ հարաբերություններ ուներ այն մարդկանց հետ, ովքեր կարող էին կանխել Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգներում:
 «Բայց հիմա նրանք չունեն այդ հարաբերությունները: Բացի այդ, Միջին Արևելքում հիմա կատարվողը նման է Հայոց ցեղասպանությանը, և ես կարծում եմ, որ շատ ամերիկացիներ դա տեսնում են: Նաև պետք է պահել խոստումը՝ Հայոց ցեղասպանության թեման միշտ ԱՄՆ-ում ուշադրություն կենտրոնում պահելով: Եվ կգա մի օր, երբ Թուրքիան այլևս չի կարողանա ազդել ամերիկյան քաղաքականության վրա»,- ասաց Արամ Համբարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել