Հոլանդահայ կազմակերպությունները Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պահանջագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան: Այս մասին  տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, ով քիչ առաջ էր դուրս եկել խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումից:

 «Մեզ ընդունեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Փիթր Օմտզիխտը, ով հաճախ հանդես է գալիս ի նպաստ մեր շահերի պաշտպանության: Հանդիպմանը բոլոր կուսակցություններից ներկայացուցիչներ կային: Մենք ներկայացրեցինք մեր պահանջագիրը: Մեր հիմնական խնդիրն այն է, որ Նիդերլանդները վերջին շրջանում մեզ համար տարօրինակ քաղաքականություն է որդեգրել` ցեղասպանության փոխարեն օգտագործելով ցեղասպանության խնդիր բառը: Դա մեզ ցավ է պատճառում: Մենք նշեցինք, թե որքան սխալ է այդ քաղաքականությունը: Այդ քաղաքականութ յան պատճառով է, որ Թուրքիան այսօր շատ ավելի կոշտ դիրքորոշում ունի Նիդերլանդների հանդեպ: Այն, որ հոլանդացիներն ասում էին չնեղացնենք թուրքերին, չասենք ցեղասպանություն բառը, մեր համոզմամբ, հակառակ ազդեցությունն ունեցավ»,-ասաց Մասիս Աբրահամյանը:

Ներկայացված պահանջագիրը կքննարկվի և առաջիկայում կտրվի պատասխան: Մասիս Աբրահամյանը լիահույս է, որ նոր կառավարությունը շրջադարձ մոտեցում կցուցաբերի և իրերը կկոչի իրենց անունով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել