Թվում էր, թե Հայաստանում ազատ վաճառվող ադրբեջանական ներդիրով դեղերի շոկից հետո էլ ոչինչ ինձ չի կարողանա զարմացնել: Բայց արի ու տես սխալվել էի հաշվարկներիս մեջ. Մեր տնտեսավարողների կրեատիվ մտքերն անսահման են, զարմացնելու ներուժն էլ խիստ թերագնահատված: Պարզվում է «Մաքուր ջուրը», որն արդեն 5 տարուց ավել գնում եմ ընտանիքիս համար, մաքուր չէ: Փաստորեն այսքան տարի ինձ պարզապես խաբել են, ֆռռացրել, ստիպել լրացուցիչ գումար վճարել մի բանի համար, ինչը իմ տանն էլ կա:  Հաջորդ բացահայտումը, ո՞րն է լինելու: Մի տեսակ մեքսիկական սերիալի  է նման, երբ սերիալի վերջում պարզվում է, որ հերոսի կինը իրականում նրա հորեղբայրն է:

Մի խոսքով որոշ ժամանակ առաջ «Էվրի Դեյ» ընկերությունը («Բյուրեղ» ապրանքանիշ) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին բողոք էր ներկայացրել, կասկածելով, որ «Մաքուր ջրի» շշալցման ժամանակ օգտագործվում է ոչ թե լեռնային աղբյուրի (ինչպես իրենք անդադար նշում են գովազդներում), այլ սովորական կռանտի ջուր: Հանձնաժողովն էլ ուսումնասիրեց ու այսօր հայտարարեց, որ իրականում «Մաքուր ջուրը» շշալցվում է Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակներից:

Սպառողի շահերի ոտնահարման ավելի կատարյալ օրինակ դժվար է մտածել: Բայց ախր զարմանալու բան էլ չկա: «Մաքուր ջուրը» մեղմ ասած երբեք էլ չի փայլել առաքինիությամբ: Անցյալ տարի էր մամուլում մի նյութ հրապարակվեց, որ այս ընկերությունը ուրիշի լոգոն է գողացել ու ապօրինաբար օգտագործում է: Կարճ ասած զուտ հայկական բիզնես է անում: Լոգոն գողացանք, ջրի որակի կեղծեցինք.. Է հետո՞: Նմանին ոչ թե 5 մլն դրամով տուգանել է պետք, այլ հասարակական պարսավանքի ենթարկել, ու ծառայություններից հրապարակավ հրաժարվել, որ հասկանա, որ էդպես փող չեն աշխատում: Անձամբ ես  վնասի փոխհատուցում եմ պահանջելու: Նույնն էլ «Մաքուր ջրի» մնացած հաճախորդներին եմ  խորհուրդ տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել