Թուրքիայի տարածքում ապրիլի 16-ին մեկնարկել է պատմական նշանակություն ունեցող սահմանադրական հանրաքվեն, որը նախատեսում է անցում կատարել երկրի խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական համակարգի: Ըստ էության, սահամանդրական փոփոխությունները միտված են ավելի ընդլայնելու 2003 թվականից իշխանության գլխին գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները, ով փոփոխությունների պարագայում կարող է իշխանության ղեկին մնալ մինչև 2029 թվականը:

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն ի սկզբանե անցել է ոչ հավասար պայմաններում: Ընդդիմադիր քդրամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավի մեջ մտավ շարունակվող հետապնդումների ներքո, իսկ կուսակցության 13 պատագամվոր, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղն այս ընթացքում շարունակեցին գտնվել ճաղերի հետևում: «Ոչ»-ի ճամբարում քրդամետ կուսակցության կողքին էր նաև գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարությամբ: Ի հակակշիռ նրանց՝ «այո»-ի ճամբարում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ համագործակցում  էր մեջլիսում ընդգրկված ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ում աջակցության շնորհիվ էր, որ սահմանադրական փոփոխությունների առաջարկներն անցան մեջլիսի քննարկումների փուլերով ու դրվեցին հանրաքվեի:

Երկրում հայտարարված արտակարգ իրադրության պայմաններում անցկացվող հանրաքվեն Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվանից հետո երկրի կառավարման համակարգում  նախատեսում է ամենամասշտաբային փոփոխությունները: Ընդհանուր առմամբ, փոխվելու է գործող սահմանադրության 18 հոդված: Համաձայն այս փոփոխությունների՝ նախագահը լիազորություն է ստանում ուղղակիորեն նշանակել պետական կարևոր պաշտոնյաների, այդ թվում և նախարարներին: Նա իրավունք է ունենալու նշանակել մեկ կամ մի քանի փոխնախագահի: Նախագահը կարողանալու է միջամտել դատական համակարգին, նա է որոշելու՝ հայտարարել արտակարգ դրություն, թե ոչ: Նոր փոփոխություններով՝ Թուրքիայում նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավոր ընտրվելու պայմաններին բավարարող, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձը: Նա պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել