Похожее изображениеՇաբաթ օրը, երեկոյից հետո, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ Հանկարծ մի ուժեղ երկրաշարժ եղավ, և Աստծու հրեշտակը, երկնքից իջնելով, գլորեց գերեզմանի մուտքին դրված քարը և նստեց նրա վրա։ Նրա տեսքը փայլակի նման էր, և հագուստները ձյունի պես սպիտակ էին։ Պահապանները, երբ այս տեսան, սարսափեցին և մեռելի պես եղան։ Հրեշտակը կանանց ասաց.
- Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Այստեղ չէ, որովհետև ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ, ինչպես ինքն էր ասել։ Եկե՛ք և տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։ Իսկույն գնացե՛ք և ասացե՛ք նրա աշակերտներին, որ հարություն առավ։ Նա ձեզնից առաջ Գալիլեա կհասնի, և այնտեղ կտեսնեք նրան։ Ահա ասացի ձեզ։
Կանայք վախով, բայց միևնույն ժամանակ մեծ ուրախությամբ իսկույն դուրս ելան գերեզմանից և վազեցին պատմելու աշակերտներին։ Հանկարծ Հիսուսը նրանց դիմացը ելավ և ասաց. - Ողջո՜ւյն ձեզ։
Կանայք մոտենալով փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։ Հիսուսն ասաց.
- Մի՛ վախեցեք, գնացե՛ք և ասացե՛ք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա. այնտե՛ղ պիտի տեսնեն ինձ։

Երբ կանայք գնացին, պահապան զինվորներից ոմանք քաղաք եկան և ինչ որ պատահել էր, պատմեցին ավագ քահանաներին։ Ավագ քահանաներն ու երեցները հավաքվելով խորհրդակցեցին, առատ դրամ տվեցին պահապաններին և ասացին.
- Կասեք, թե՝ «Նրա աշակերտները գիշերով եկան և գողացան մարմինը, երբ մենք քնած էինք»։ Եվ եթե կառավարչի ականջին հասնի այս լուրը, մենք նրան կգոհացնենք. դուք անհո՛գ եղեք։
Պահապան զինվորները դրամն առան և արեցին այնպես, ինչպես որ պատվիրվել էր իրենց։ Եվ այսպիսով այս լուրը տարածվեց հրեաների մեջ մինչև այսօր։

Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, որտեղ Հիսուսը ժամադրվել էր իրենց հետ։ Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, բայց ոմանք տարակուսեցին։ Հիսուսը մոտենալով խոսեց նրանց հետ։ Ապա ասաց.
- Ամեն իշխանություն տրվեց ինձ երկնքում և երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին իմ աշակերտնե՛րը դարձրեք։ Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրե՛ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ։ ԵՎ ԱՀԱ ԵՍ ՁԵԶ ՀԵՏ ԿԼԻՆԵՄ ՄԻՇՏ՝ ՄԻՆՉԵՒ ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԸ։
(Մատթեոսի ավետարան 28:1-20)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել