Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
 
«Հայաստանում բյուրեղանում է մի քաղաքական կարգ, որը վաղուց կա աֆրիկյան մի շարք երկրներում, դա կլիենտիզմն է (clientelism ): Այստեղ վերնախավը (հովանավորները կամ տերերը (patron))  հսկում է երկրի ռեսուրսները` գործատեղ, բիզնես անելու, կրթվելու և իբրև մասնագետ զարգանալու հնարավորությունները: Իսկ կլիենտները (clients)՝ նրանք, որոնք կախված են «տերերից», փոխանակում են, օրինակ, իրենց ձայնը կամ հավատարմությունը, հնազանդությունը` պետական աշխատատեղ, մասնավոր բիզնես, կարիերա ունենալու կամ պարզ ընտրակաշառքի և ապագայում Ոստիկանության կամ գործատեղում խնդիրներ չունենալու դիմաց»,- այս մասին «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Janes Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով բրիտանական վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
 
Ըստ Լիլիթ Գևորգյանի՝ կլիենտիզմի պայմաններում արմատական փոփոխություններ առաջարկող կուսակցությունը պետք է ցույց տա, թե ինչ տնտեսական բարիքներ կարող է բերել հենց նույն պետական ապարատում աշխատողների կամ բիզնեսի համար:
 
Պատասխանելով հարցին, թե ինչու իշխող ՀՀԿ-ից դժգոհ ժողովուրդը մոտավորապես 50% ձայն տվեց կուսակցությանը, նա ասել է. «Ձեր հարցի պատասխանը ՀՀԿ կարգախոսի առաջին մասում է` «կայունություն»:
 
Այսինքն` սա խոստում էր, որ այս համակարգը չի փոխվելու, և նրանք, ովքեր գտել են ձևը համակարգում պաշտոն ունենալու կամ բիզնես վարելու՝ կունենան երաշխիք, որ սա չի փոխվի: Իսկ ավելի ցածր եկամուտ ունեցողների խնդիրը լուծվում է սպառնալիքով: Սպառնալիք, որ ունեցած գործատեղից կարող են զրկվել, սպառնալիք, որ փոփոխության դեպքում ավելի վատ ղեկավարներ կարող են գալ (սա հետխորհրդային երկրներում շատ տարածված պետական պրոպագանդայի տեսակներից է` թե իբր հին ղեկավարները կուշտ են, իսկ նորն անպայման կգողանա): Սպառնալիք, որ արմատական փոփոխությունները վատ կարող են ավարտվել, այսինքն` ռիսկի դիմելը վտանգավոր է:
 
Ընտրակաշառքը սառցաբուրգի միայն մի մասն է, որն այնքան էլ արդյունավետ չէ: Միայն ընտրակաշառքով հնարավոր չէ հաղթել ընտրություններում: Ենթադրենք՝ որևէ կաշառք չի ընդունվել, և մասնակիցների 80%-ը դեմ է քվեարկել ՀՀԿ-ին և վերջինիս դրածո կուսակցություններին: Քչերը Հայաստանում կհավատան, որ ներկայիս էլիտան պարզապես կընդունի արդյունքները և կհեռանա»,–գրում է թերթը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել