Image result«ՍԱՍ Գրուպի»-ի սեփականատիրոջ անվան շուրջ սկանդալը շարունակվում է: 39 րոպեանոց ձայնագրությունը րոպե առ րոպե մեկնաբանվել է և՛ ԶԼՄ-ների, և՛ սոցցանցերի օգտատերերի կողմից: Զարմանալին այն է, որ մեր հասարակությունը շատ զայրացած է այդ փաստից: Սակայն այն, ինչ տեղի է ունեցել «ՍԱՍ Գրուպի»-ի ղեկավարության և աշխատակիցների միջև, եղել է նաև այլ հիմնարկ-ձեռնարկություններում, ինչպես նաև բազմաթիվ կրթօջախներում: Միայն մեկ տարբերությամբ. շատ հանդիպումներ չեն ձայնագրվել, իսկ եթե ձայնագրվել են, ապա անհրաժեշտության բացակայության պատճառով դրանք դեռ չեն հրապարակել: Այստեղ կարևորն այն հարցն է, թե ում էր ձեռնտու այս ամենը և ինչու հիմա:
Եթե դպրոցների տնօրենների հեռախոսազրույցները, որոնցում նրանք բացահայտ ընդունում են, որ «ձայնահավաքությամբ» են զբաղված, բացահայտվեց ՀԿ-ի կողմից, ապա Արտակ Սարգսյանի անվան հետ կապված այս ձայնագրության՝ հիմա ի հայտ գալը բավական խրթին է:
Նախ՝ պետք է արձանագրել, որ ձայնագրությունը բավական բարձր որակով է արված, այսինքն՝ պատվիրված է: Երկրորդը՝ պատվիրատուն միտումնավոր է այն հրապարակել հիմա՝ մինչ մանդատներ տալը, որպեսզի խայտառակի Ա.Սարգսյանին:
Եթե այս ամենը մանդատակռիվ է, ապա ՀՀԿ-ին սպասվում են բավական մեծ խնդիրներ: Ա.Սարգսյանի հետ կապված այս սկանդալը կարող է նախադեպ դառնալ: Ավելի ցածր հորիզոնականներ զբաղեցնող անհաջողակ թեկնածուները կսկսեն կոմպրոմատներ փնտրել առաջին հորիզոնականները զբաղեցնող հաջողակ թեկնածուների վրա, որոնք արդեն պատգամավոր են՝ հույս ունենալով, որ պախարակվելուց հետո վերջիններս ինքնակամ կհրաժարվեն պատգամավորությունից: Իսկ դրա արդյունքում ՀՀԿ-ում կսկսվեն լուրջ խմորումներ, որոնց հետևանքներն անկանխատեսելի են լինելու: Այդ բոլոր թեկնածուներն էլ մեծ գումարներ են ներդրել (խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին) այդ մանդատը ստանալու համար և մինչև վերջ կպայքարեն այն պահպանելու համար:
Հ.Գ. Ռեյտինգային ցուցակ կոչվածը պատուհաս է դառնալու այդ համակարգով անցնողների համար: Հաջողակները կասկածելու են անհաջողակներին դավադրությունների մեջ՝ իրենց բոլոր բացասական հետևանքներով թե՛ այդ անհաջողակների, թե՛ հասարակության համար: Այս համակարգի առաջին զոհը Արտակ Սարգսյանն էր: Հետաքրքիր է, թե ով է հաջորդը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել