Tert.am-ը գրում է.
Յուրի Խաչատուրովը և՛ որպես զինվորական, և՛ որպես քաղաքական գործիչ համապատասխանում էր ՀԱՊԿ գլխավորի քարտուղարի պաշտոնին: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը՝ այսպես ասաց «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը: 

-Պարո՛ն Մինասյան, նախկինում մեր հետ զրույցում վստահորեն նշել էիք, որ ապրիլին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում վերջապես Հայաստանի ներկայացուցիչը կնշանակվի: Այսօր փաստորեն հայտնի դարձավ, որ Յուրի Խաչատուրովն է դարձել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Ի վերջո, ի՞նչ կատարվեց․ Բելառուսի և Ղազախստանի նախագահները տեղի՞ տվեցին «այս մարտում», չկարողացա՞ն իրենց նպատակին հասնել՝ խափանել հայ ներկայացուցչի նշանակումը:

-Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակումն այս վերջին պահին կապված էր Ռուսաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող խնդիրների լուծմամբ: Ասում են՝ «փողին մուննաթ». Ռուսաստանը Բելառուսին մոտ մեկ միլիարդի պարտքի վերակառուցում առաջարկեց, և դրանից անմիջապես հետո Լուկաշենկոն ստորագրեց Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, և նաև որոշում ընդունվեց, որ Խաչատուրովն ընտրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

-Կաշառվե՞ց Լուկաշենկոն:

-Այստեղ հարցը կաշառվելը չէ: Խաչատուրովի համար չարվեց դա, պարզապես կային խնդիրներ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, Լուկաշենկոն խոչընդոտում էր դրանց լուծմանը: Վերջին 25 տարիների ընթացքում դա է Լուկաշենկոյի վարքագիծը՝ սպառնալիքի քաղաքականություն է վարում: Այս անգամ էլ ինչ-որ բան ստացվեց, իհարկե ավելի շատ բան էր ակնկալում, բայց ստացավ քիչ: Հիմա բոլոր պայմանավորվածություններն իրականացան, այլևս ոչ մի տեխնիկական խնդիր չկա:

-Ղազախստանի նախագահ Նազարբաևը ևս փորձում էր խոչընդոտել Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը: Ի՞նչ կարելի է սպասել մեր ներկայացուցչի նշանակումից, եթե կառույցում ներգրավված երկրներից որոշներն անհամաձայնություններ ունեն նրա նշանակման հետ կապված:

-Անհամաձայնություններ կային, բայց Հայաստանի ներկայացուցիչը նշանակվեց: Սա նշանակում է, որ քաղաքական և դիվանագիտական աշխատանք տարվում է, և դա պետք է շարունակվի:
 Այո, ոչ բոլոր հարցերում են Հայաստանի և Ղազախստանի, Հայաստանի և Ղրղըզստանի, Հայաստանի և Բելառուսի ներկայացուցիչների կարծիքները համընկնում: Կան խնդիրներ: Բայց, ընդհանուր առմամբ, քանի որ այդ երկրները հանդիսանում են և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ԵԱՏՄ-ի անդամ, պետք է համագործակցեն միմյանց հետո շատ ու շատ հարցերում: Շատ հարցերում երբեմն Հայաստանը պետք է պնդի իր շահերը և փորձի այդտեղ համախոհներ գտնել: 
 Ես ընդհանրապես չեմ կարծում, որ պետք է այս նշանակմանը չափից շատ ուշադրություն դարձնենք կամ էլ ընդհանրապես անտեսենք: Դա կարևոր էր,պետք է արվեր: Քարոզչական առումով Հայաստանը պետք է պնդեր և հասներ իր ուզածին: Բայց չափից ավելի մեծ ոգևորությամբ այդ փաստը չպետք է ընդունել: Այո, Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, բայց կառույցում, այնուամենայնիվ որոշումները միանձնյա չեն կայացվելու. կան նաև անդամ պետությունների ազգային շահեր:

-Ադրբեջանը ձգտում էր իր համախոհ երկրների՝ Բելառուսի և Ղազախստանի միջոցով խափանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման գործընթացը: Ադրբեջանն ինչ-որ բանից զգուշանալու խնդիր ունի՞, թե նրան միայն մտահոգում է այն հանգամանքը, որ Հայաստանից ներկայացուցիչը կարևոր պաշտոն է զբաղեցնելու միջազգային կառույցում:

-Ադրբեջանն ամեն ինչից է վատ զգում: Ոչ միայն հետխորհրդային տարածքում Հայաստանի հաջողություններից, այլ ցանկացած այլ վայրում: Նրանց մոտ այդ բարդույթն ու չուզողությունը կա, և դա ակնհայտ է: Դրան Հայաստանը միշտ էլ առնչվելու է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել