Картинки по запросу ԱդրբեջանՎերջին շրջանում շատ է խոսվել Ադրբեջանի ռազմական քաղաքականությունից ու կատարած ռազմական ծախսերից: Ներկայացնեմ որոշ դիտարկումներ:

1992-2012թթ. ընթացքում Ադրբեջանը ծախսել է մոտ $30 մլրդ ռազմական նպատակներով: Համեմատության համար նշենք, որ ՀՀ-ի նույն ժամանակահատվածում պաշտպանական ողջ ծախսերը կազմել են մոտ 4.0 մլրդ դոլար: Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր իսկ ստորագրած միջազգային պայմանագրերի հիմնարար դրույթները, պատկան մարմիններից, միջազգային հանրությունից և սեփական քաղաքացիներից թաքցնում սովորական ծանր սպառազինության իր գնումները: Ադրբեջանին զինող բոլոր հիմնական երկրներն ունեն ռազմական ոլորտում կոռուպցիայի «բարձր» և «շատ բարձր» աստիճան: Բուն Ադրբեջանում այն հսկայածավալ է: 1992-2012թթ. ընթացքում Ադրբեջանի ռազմական (պաշտպանական) ոլորտում միայն կոռուպցիան ավելին էր, քան անցած 20 տարիների ընթացքում ՀՀ ողջ ռազմական ծախսերի գումարը: Ադրբեջանը ռազմական (պաշտպանական) ոլորտում կոռուպցիայի ընդհանուր ծավալը կազմում է մոտ $3.0-5.0 մլրդ: Չնայած պետական ծախսերի ընդհանուր կրճատմանը` Ադրբեջանի ռազմական բյուջեն 2017-ին որոշակի աճ կարձանագրի` հասնելով 1 միլիարդ 600 միլիոն դոլարի:

Օգտագործելով ածխաջրածինների արդյունահանումից գոյացած և սեփական քաղաքացիներից օտարված միջոցները՝ Ադրբեջանի իշխանությունները, 2005-ից սկսած, իրականացնում են երկրի ռազմականացման բազմափուլ և համալիր պետական ծրագիր, որի շրջանակներում ստեղծվել է ռազմարդյունաբերական համալիր, որտեղ գործում են ավելի քան չորս տասնյակ կազմակերպություններ: Իրականացվում են սպառազինության, այդ թվում նաև՝ դրա նոր տեսակների համատեղ արտադրություն և մոդեռնիզացիա: Ծրագրի մյուս բաղադրիչով Ադրբեջանն իրականացնում է ծանր սպառազինությունների ծավալուն գնումներ: Այս ուղղությամբ Ադրբեջանի կողմից ծախսված միջոցների ավելի քան 70%-ն օգտագործվել է գրոհային նշանակության ծանր սպառազինություն ձեռք բերելու համար:

Իսրայելի և Թուրքիայի հետ ռազմաքաղաքական համագործակցության հոլովակով Ադրբեջան (և տարածաշրջան) են թափանցում գլոբալ աշխարհաքաղաքականության և գրանդ ստրատեգիայի այնպիսի հարցեր, ինչպիսիք են հակաիրանական պլացդարմի կազմակերպումը և հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայումը: Կասպից ծովի սահմանազատման տակավին չլուծված ու չափազանց սուր հարցի ֆոնին Ադրբեջանը ջանում է փոխել այստեղ ռազմավարական հաշվեկշիռը՝ ձգտելով Կասպիցում տիրանալ ածխաջրածինների նոր պաշարների:

Այս գործոնների առկայության պարագայում մինչև այժմ Ադրբեջանի իշխանությունները կարողացել էին պահպանել հավասարակշռությունը սեփական գոյությունն արդարացնող և լեգիտիմացնող ռազմատենչության, ռևանշի խոստումների և քաղաքական կայունության, վերարտադրման հնարավորության կորստի վախի միջև: Բայց այս հավասարակշռությունը փխրուն է: Դրա պահպանումն անցյալում ենթարկվել, ներկայումս ենթարկվում, իսկ մոտ ապագայում` ենթարկվելու է փորձությունների:

Հ.գ. Ժամանակին Ուինսթոն Չերչիլը գրում էր, որ «եթե 30-ականների վերջին եվրոպական մամուլը երկրորդական նշանակության նյութերի և ռևանշիստական Գերմանիային դյութող հոդվածների տպագրման փոխարեն իր նոր օրը սկսեր այդ երկրում ռազմական ծախսերի աճը փաստող հոդվածներով, ապա Երկրորդ աշխարհամարտը` իր ողջ արհավիրքներով, միգուցե և չկայանար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել