Картинки по запросу ավագ ուրբաթՆրանք առան Հիսուսին և տարան։ Հիսուսը խաչը շալակած ելավ այն տեղը, որ կոչվում էր Գանգի տեղ, եբրայերեն՝ Գողգոթա։ Այնտեղ խաչեցին նրան և նրա հետ՝ երկու հոգու ևս՝ երկու կողմերից, իսկ Հիսուսին՝ նրանց մեջտեղում։ Պիղատոսը խաչի վրա դնել տվեց մի ցուցատախտակ, որի վրա գրված էր. «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր»։ Հրեաներից շատերը կարդացին այդ գրությունը, որովհետև այն տեղը, որտեղ Հիսուսը խաչվեց, քաղաքին մոտ էր։ Արձանագրությունը գրված էր եբրայերեն, լատիներեն և հունարեն։
Հրեաների ավագ քահանաներն ասացին Պիղատոսին.
-Մի՛ գրիր՝ «Հրեաների թագավոր», այլ գրի՛ր. «Այս մարդն ասաց՝ ես հրեաների թագավորն եմ»։
Պիղատոսը պատասխանեց. -Ինչ որ գրեցի՝ գրեցի։
Զինվորները Հիսուսին խաչելուց հետո վերցրին նրա հագուստները և չորս մասի բաժանեցին, յուրաքանչյուրին՝ մեկ մաս։ Իսկ քանի որ պատմուճանը առանց կարի էր, վերևից ներքև միակտոր հյուսված, ուստի ասացին միմյանց.
-Չպատռենք դա, այլ եկե՛ք վիճակ գցենք և տեսնենք, թե ո՞ւմ կընկնի։
Այս բանը պատահեց, որպեսզի իրականանա Սուրբ գրքում գրվածը. «Հագուստներս բաժանեցին իրար միջև և պատմուճանիս վրա վիճակ գցեցին»։
Արդ, զինվորները գրվա՛ծն էր, որ կատարեցին։

Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը, մորաքույրը, Կղեոպասի կինը՝ Մարիամը, և Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուսը տեսավ իր մորը և իր սիրած աշակերտին, որ կանգնած էր նրա մոտ, ասաց մորը. -Մա՛յր, ահա՛ քո որդին։
Հետո ասաց իր աշակերտին. -Ահա՛ քո մայրը։
Եվ այդ օրվանից աշակերտն իր մոտ առավ նրան։
Դրանից հետո Հիսուսն իմացավ, որ ամեն ինչ վերջացած է, և որպեսզի Սուրբ գրքում գրվածն ամբողջապես կատարված լինի, ասաց. -Ծարավ եմ։
Այնտեղ քացախով լի մի աման կար։ Զինվորները, սպունգը լեղախառն քացախի մեջ թաթախելով, անցկացրին զոպայի մի ճյուղի ծայրին և մոտեցրին նրա բերանին։
Երբ Հիսուսը լեղախառն քացախը բերանն առավ, ասաց.
-Ամեն ինչ վերջացած է։
Ապա գլուխը կախեց և հոգին ավանդեց։
Զատկի նախորդ օրն էր։ Հրեա ղեկավարները չուզեցին, որ մարմինները խաչերի վրա մնան շաբաթ օրով, քանի որ այդ շաբաթը տոնական մեծ օր էր։ Ուստի խնդրեցին Պիղատոսին, որ խաչվածների սրունքները կոտրեն և մարմինները վերցնեն։ Զինվորները եկան և առաջինի սրունքները կոտրեցին, նույնպես և մյուսինը, որ Հիսուսի հետ խաչված էր։ Բայց երբ եկան Հիսուսի մոտ, տեսան, որ նա արդեն մեռած էր, ուստի չկոտրեցին նրա սրունքները։ Սակայն զինվորներից մեկը նիզակով ծակեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր հոսեց։ Նա, որ տեսավ այս բանը, ի՛նքը վկայեց այս մասին և նրա տված վկայությունը վավերական է։ Նա գիտի, թե իր ասածը ճշմարիտ է, որպեսզի դուք էլ հավատաք։ Այս բանը պատահեց, որպեսզի իրականանա Սուրբ գրքերում ասվածը. «Նրա ոչ մի ոսկոր չպիտի փշրվի», ինչպես նաև մյուս գրվածը, որ ասում է. «Պիտի նայեն նրան, ում խոցեցին»։
(Հովհաննեսի ավետարան 19:17-37)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել