Image result for eurovision 2017 russiaԵվրոպական հեռարձակողների միությունը (EBU) պաշտոնապես հաստատեց, որ այս տարի Կիևում տեղի ունենալիք «Եվրատեսիլին» Ռուսաստանը չի մասնակցի: Մրցույթի կազմակերպիչները տեղեկացնում են, որ ամեն ինչ արել են, որ ՌԴ-ն ներկայացված լինի այդ երաժշտական մրցույթին: Առաջարկ է եղել, որ Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովան վիդեոկամուրջով ելույթ ունենա, կամ էլ առաջարկ է եղել փոխել մասնակցին: Սակայն ռուսական կողմը երկու տարբերակն էլ մերժել է: Վերջին օրերին այս տարվա «Եվրատեսիլի» հեռարձակումից հրաժարվել են ռուսաստանյան երկու խոշորագույն հեռուստաընկերությունները՝ Առաջին Ալիքը և ՌՀՀՌԸ-ն:
Հիշեցնեմ, որ Ուկրաինան պերսոնա նոն գրատա է հայտարարում այն բոլոր անձանց, ովքեր 2014 թ-ի փետրվարից հետո առանց Կիևի թույլտվության այցելել են Ղրիմ: Իսկ Յուլյա Սամոյլովան Ղրիմում համերգներով էր հանդես եկել 2015 թ-ին:
Եվրոպական հեռարձակողների միությունը նույնիսկ «ահաբեկեց» Ուկրաինային, որ կտեղափոխի մրցույթը այլ քաղաք, եթե Կիևը թույլ չտա Սամոյլովային ելույթ ունենալ Ուկրաինայում: Իսկ ՌԴ որոշ ԶԼՄ-ներ էլ տեղեկատվություն տարածեցին, որ եթե ՌԴ մասնակցին պաշտոնական Կիևը թույլ չտա մասնակցել այս «Եվրատեսիլին», ապա ոչ միայն Մոսկվան կհրաժարվի, այլ ևս մի քանի երկիր ևս կհրաժարվի Կիև ուղարկել իր մասնակիցներին: Նույնիսկ հիշատակում էին Հայաստանը...
Սակայն, ինչպես երևում է, այս համաեվրոպական երաժշտաքաղաքական մրցույթը կկայանա Կիևում, և բոլոր 42 երկրներն էլ կմասնակցեն «Եվրատեսիլին»՝ բացի Ռուսաստանից:
Իսկ իրականությունն այն է, որ նույն Եվրոպական հեռարձակողների միությունը ՌԴ-ին դիվանագիտորեն, այսինքն՝ ուկրաինացիների ձեռքերով վռնդեց այս տարվա «Եվրատեսիլից»: Դա Արևմուտքի պատժամիջոցների բաղկացուցիչ մասն է՝ շրաջափակել Ռուսաստանը և դարձնել «վտարանդի» երկիր:
Հ.Գ. Շատ վաղուց այս մշակույթային միջոցառումը վերածվել է քաղաքական հաշիվներ պարզելու և կոռուպցիայի թատերաբեմի: Պատմության գիրկն են անցել այն ժամանակները, երբ հաղթում էին երգն ու արվեստը: Հիմա եվրատեսիլյան բեմի շնորհիվ եվրոպացիները ահռելի գումարներ են աշխատում և քաղաքական հաշիվներ լուծում: Ինչպես ասում են՝ «Ե՛վ օգուտ են ստանում, և՛ հաճույք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել