Շարունակում ենք գրել 20-րդ դարի ամենասարսափելի բռնապետերի մասին: Նախորդ հոդվածում խոսվեց ԽՍՀՄ հիմնադիրներից Վ. Ի. Լենինի մասին: Այս անգամ խոսելու ենք կոմունիստական ռեժիմի մեկ այլ արյունարբու բռնապետի՝ Իոսիֆ Վեսարիոնովիչ Ջուղաշվիլու կամ Իոսիֆ Ստալինի մասին: Մարդ, ով մեղավոր է միլիոնավոր մարդկանց մահվան մեջ: Մարդ, ում կառավարման շրջանում խորհրդային Կարմիր ռեպրեսիվ ապարատը հասավ իր գագաթնակետին: Մարդ, ում կառավարման շրջանում արդեն իսկ ամբողջ թափով գործում էին ԽՍՀՄ մահվան համակենտրոնացման ճամբարները կամ Գուլագները, որոնք փակվեցին 1953 թվականին՝ նրա մահվանից հետո միայն: Եվ, վերջապես, մարդ, ով համաձայնության եկավ 20-րդ դարի մեկ այլ սարսափի՝ Հիտլերի հետ եվրոպական աշխարհամասը կիսելու և Երկրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու համար:

Ստալինը ծնվել է 1879թ. դեկտեմբերի 21-ին Թիֆլիսյան Գուբերնիայի տարածքում գտնվող Գորի ավանում: Ստալինը բավականին ծանր մանկություն է ունեցել: Նրա ընտանիքում հաճախ էին լինում ընտանեկան վեճերը: Շատ հաճախ ընտանիքի հայրը՝ Վեսարիոնը, ծեծի էր ենթարկում իրեն և մորը: 1894թ. Ստալինն ավարտեց ուսումը Գորիի հոգևոր ճեմարանում և ընդունվեց Թբիլիսսիի ուղղափառ ուսումնարան: Երիտասարդ տարիներին ապագա բռնապետը, ինչպես երկրի նախկին ղեկավար Լենինը, տարվեց հեղափոխական գաղափարներով և սկսեց ուսումնասիրել Մարքսի, Էնգելսի, Լենինի և Պլեխանովի աշխատությունները: 1899թ. իր գործունեության պատճառով նա հեռացվեց ուսումնարանից: Իր գործունեության ընթացքում Ստալինը բազմիցս բանտարկվել և աքսորվել է:

Սկզբնական շրջանում նա անդամակցել է Թբիլիսիի, Կովկասի և Բաքվի ընդհատակյա կոմիտեներին: 1905-1907թթ. ակտիվորեն մասնակցել է հեղափոխական գործընթացներին Անդրկովկասում: Նա իրեն համարում էր բոլշևիզմի գաղափարների կրող և ամեն ինչ անում էր իր նպատակներին հասնելու համար: 1912-13թթ. ակտիվ մասնակցություն ուներ «Զվեզդա» թերթի խմբագրման աշխատանքներում: Հենց այդ շրջանում լույս տեսավ իր ամենահայտնի աշխատություններից մեկը՝ «Մարքսիզմը և ազգային հարցը», որն արժանացավ անձամբ Լենինի դրվատանքի խոսքերին:

1917թ. փետրվարին ցարիզմի անկումից հետո երկիր վերադառնալով՝ Ստալինը սկսեց էլ ավելի ակտիվ գործունեություն ծավալել բոլշևիկյան կուսակցությունում: Նա ամբողջովին կիսում էր Լենինի այն գիծը, ըստ որի՝ տեղի ունեցած հեղափոխությունը պետք է շարունակվի և կրի սոցիալիստական բնույթ: Չլինելով բոլշևիկյան պայքարի ուղեղային կամ գաղափարական կենտրոններից, ինչպիսիք էին Լենինը կամ Տրոցկին՝ Ստալինը բավականին լավ կազմակերպչական ջիղ ուներ, ինչպես նաև բավականին խորամանկ էր: Հատկանշական է, որ Ստալինը հայտնի էր նաև որպես բանկեր թալանող և հաջողակ քարոզիչ: Թերևս կազմակերպչական ջիղն և խորամանկությունն օգնեցին նրան իշխանության գալու հարցում:

Ստալինը մեծ դեր խաղաց 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպման գործում: Նա Ռազմահեղափոխական կոմիտեի առանցքային անդամներից էր: «Կարմիր տեռորի» կամ քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում Ստալինն անմասն չմնաց պաշտոններից: Նա, մեծ հաշվով, կազմակերպչական բնույթի գործառույթներ իրականացնող պաշտոններ էր զբաղեցնում, որը նրան հնարավորություն էր տալիս սեփական կադրերն ունենալ տարատեսակ պաշտոններում: 1922թ. Ստալինը սկսեց զբաղեցնել կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը: Հետագայում Լենինի մահից հետո Ստալինը կարողացավ քաղաքական իշխանության համար պայքարում հաղթել, ոչ ավել ոչ պակաս, բոլշևիկյան պայքարի գաղափարական առաջամարտիկներից մեկին՝ Տրոցկուն: Տրոցկին հայտնվեց տարագրության մեջ Մեքսիկայում, որտեղ և 1940 թվականին սպանվեց: Անգամ մահվանից առաջ Լենինը զգուշանում էր Ստալինից: Իր նամակներից մեկում Լենինը գրում է. «Դառնալով գլխավոր քարտուղար՝ Ստալինն իր ձեռքում կենտրոնացրեց ամբողջական իշխանությունը, սակայն ես համոզված չեմ, որ նա կարող է զգուշորեն օգտվել դրանից»: Լենինի զգուշացումը մնաց ձայն բարբառոյ անապատի: Շատերը գտնում են, որ Ստալինը բավականին հիշաչար անձնավորություն էր: Ժամանակակիցների խոսքով՝ Ստալինի հոգեբանական կերպարի կերտման գործում մեծ դեր է ունեցել իր կնոջ՝ Եկատերինա Սվանիձեի ողբերգական մահը: Եկատերինան մահացել է տիֆից: Մարդկանց խոսքով՝ իր կնոջ հուղարկավորության ժամանակ Ստալինը նշել է, որ այսուհետև իր սրտի փոխարեն քար է: Ժամանակակիցների խոսքով՝ Ստալինը կորցրել էր մարդկանց հանդեպ տածած զգացմունքները: 1920-ականների վերջին Ստալինն ամրապնդեց իր իշխանությունը:

1927թ. Ստալինը հռչակեց տնտեսության ինդուստրալիզացիայի առաջին հնգամյա պլանը: Դա հնարավոր չէր լինի իրականացնել առանց մթերքի, որը, կարելի է ասել, բացակայում էր: Առաջ եկավ կոլտնտեսությունների ստեղծման ժամանակաշրջանը: Ստալինյան կոլեկտիվացումը ենթադրում էր գյուղացիներից նրանց ունեցվածքի խլում, ինչպես նաև գյուղատնտեսությունների միավորում կոլտնտեսությունների տեսքով: Դա ողբերգական եղավ գյուղացիության համար: Սկզբնական շրջանում երկրի հյուսիսում 1 միլիոնից ավել մարդ մահացավ սովից: Մեռնող մարդիկ շատ հաճախ հանիբալիզմի էին դիմում: Կային նաև այնպիսինները, ովքեր դիմադրում էին: Նրանց սպասում էին գնդակահարությունները և Գուլագները: Ընդհանուր առմամբ, այդ շրջանում բռնի կոլեկտիվացման քաղաքականության հետևանքով առաջացած սովից 5 միլիոն մարդ մահացավ: Խորհրդային Միության համակենտրոնացման ճամբարները ձևավորվել էին դեռևս «Կարմիր տեռորի» ժամանակաշրջանում: Հետագայում՝ 1930-ականներին, դրանք կատարելագործվեցին: Համակենտրոնացման ճամբարների գործունեությունը կարգավարող իրավական ակտը 1930թ. ապրլի 7-ին նոր միայն հայտնվեց: Այդ ակտը կոչվում էր «Իրավիճակն ուղղիչ աշխատանքային գաղութներում»: 1934թ. համակենտրոնացման ճամբարներն անվանվեցին «Ուղղիչ աշխատանքային ճամբարներ» կամ «Գուլագներ»: «Գուլագները» գործեցին մինչև 1950-ականներ: Այդ ակտերի ներմուծմամբ ամբողջատիրական իշխանությունը մարդկանց զանգվածային ոչնչացմանն օրինական ձև հաղորդեց: «Գուլագներում» պահված մարդկանց թիվը, տարբեր տվյալներով, հասնում էր 2.5-3 միլիոնի, իսկ մահացածներինը՝ 1.5-2 միլիոնի: Այդ թվերի առյուծի բաժինն ընկնում էր 1937-38թթ. բռնաճնշումների վրա: Խորհրդային իշխանությունն իր տեռորը տարածում էր նաև բռնադատվածների ընտանիքի անդամների և հարազատների վրա: 1938թ. բացվեց «Ալժիր» կոչվող Ակմոլինյան համակենտրոնացման ճամբարը, որը նախատեսված էր «Հայրենիքի դավաճանների» կանանց համար: 1938թ. հունվարի 10-ին համակենտրոնացման ճամբար հասան առաջին էշելոնները: Համակենտրոնացման այդ ճամբարը կանանց համար նախատեսված ամենախոշոր ճամբարն էր: Ընդհանուր առմամաբ, այդ տարիներին բռնադատվածների թիվը հասնում էր 18 հազարի: Իշխանությունը համակենտրոնացման ճամբարներ էր քշում բոլոր անհնազանդներին: Մարդիկ համակենտրոնացման ճամբարներում աշխատում էին անմարդկային պայմաններում: Հարյուր հազարներն իրենց մահը գտան Դնեպրոպետրովյան ամբարտակի և Բելոմորի ջրանցքի շինարարություններում:

ԽՍՀՄ իշխանություններին խորթ չէր նաև խորհրդային կարգերին դեմ ժողովուրդներին սովի մատնելու փորձը: Ուկրաինական «Գոլոդոմոռը» վերոգրյալի վառ օրինակն է: Հաճախ ուկրաինական Գոլոդոմոռի պատճառները կապում են 1930-ականների Խորհրդային Միությունում արտադրողական ճգնաժամի, մասնավորապես, հացահատիկի պակասի հետ: Սակայն դա պարզապես մեթոդ էր, որը կիրառվեց Ստալինի կողմից ուկրաինական ժողովրդին վերջնականապես ծնկի բերելու նպատակով: Խորհրդային ամբողջատիրական մեքենայի համար գլխավոր խոչընդոտն ուկրաինական գյուղական համայնքն էր, որը դիմադրություն էր ցույց տալիս: Այդ ամենին գումարած՝ գյուղական համայնքը հետևողականորեն պահպանում էր ուկրաինացի ժողովրդի ավանդույթները, մի բան, որը խոչընդոտ էր կոմունիստների համար, որոնց վերջնական նպատակն էր զրկել ուկրաինացիներին ազգային դիմագծերից, թուլացնել նրանց ազգային իմունիտետը և, վերջիվերջո, ձուլել նրանց:

1932թ. նոյեմբերի 8-ին «Արտակարգ իրավիճակների կոմիտեի» կողմից որոշում ընդունվեց համաձայն որի՝ եթե ուկրաինական գյուղերը պետությանը չտրամադրեն իրենց գյուղական ունեցվածքը, այլ կերպ ասած, հրաժարվեն կոլեկտիվացումից, ապա ուկրաինական գյուղերը կզրկվեն մթերքից: 1932թ. նոյեմբերի 18-ին Կրեմլի անմիջական հրամանով Ուկրաինական կենտկոմը մի որոշում ընդունեց, որը հետագայում կոչվեց «Գոլոդոմոռ»: Համաձայն այդ որոշման՝ պահանջը չկատարող գյուղերի մուտքի մոտ սև տախտակներ էին տեղադրվելու, ինչը նշանակում էր, որ տվյալ գյուղ արգելվում էր մթերք ներմուծել: Մարդկանց նույնիսկ արգելվում էր լքել բնակավայրերը: Երկրի գյուղերի սահմանների երկայնքով զինվորականներ էին հերթապահում: Փաստորեն, սև ցուցակում հայտնված գյուղերը սովի էին մատնվում և կտրվում արտաքին աշխարհից: Մարդիկ, որոնք ԽՍՀՄ իշխանությունների կողմից դատապարտվել էին մահվան, սնվում էին կատուներով, շներով: Սովորաբար, այն գյուղերում, որտեղ մարդիկ սովամահ էին եղել, սև դրոշ էին կախված լինում: Այդպիսի գյուղերի թիվն Ուկրաինայում անցնում էր 50 հազարը: ԽՍՀՄ կողմից կազմակերպված ուկրաինական «Գոլոդոմոռի» ժամանակ միլիոնավոր մարդիկ զոհվեցին:

Ստալինյան բռնապետության ամենադաժան տարիները 1930-ականներն են եղել: Պատմության մեջ դա ընդունված է անվանել «Ստալինյան բռնաճնշումների» կամ «Մեծ տեռորի» ժամանակաշրջան: Այդ ժամանակաշրջանի սկիզբը դրվեց 1928թ. հուլիսի 9-ին, երբ հերթական ելույթներից մեկի ժամանակ Ստալինը ներկայացրեց «Դասակարգային թշնամու դեմ պայքարի սաստկացման» իր նոր դոկտրինը: Այն առանձնապես իրենից նոր բան չէր ենթադրում: Մեխանիզմները նույնն էին՝ գնդակահարություններ, համակենտրոնացման ճամբարներ: Մարդկանց ճակատագիրը Ստալինին բացարձակապես չէր հետաքրքրում: Մի անգամ նա ասել էր, որ «Մեկ մարդու մահը ողբերգություն է, իսկ միլիոնավոր մարդկանց մահը՝ վիճակագրություն»: Շատերի խոսքով՝ Ստալինն իր իշխանության ժամանակաշրջանում թշնամիներ էր տեսնում ամենուրեք՝ սկսած, իր իսկ ձևակերպմամբ, դասակարգային թշնամիներից վերջացրած սեփական թիմակիցներով:

«Մեծ տեռորն» էլ ավելի սարսափելի երանգներ ստացավ 1934 թվականին կոմունիստական կուսակցության համագումարից հետո: Բանն այն է, որ Ստալինը կարծում էր, որ իր վերընտրվելը ֆորմալ գործընթաց է լինելու: Իրականում, 390 գործիչ իր թեկնածությանը դեմ քվեարկեց: Այդ շրջանում աճում էր Կիրովի հեղինակությունը: Նույն տարում Կիրովը սպանվեց: Կոմկուսի 17-րդ համագումարի 1961 պատվիրակներից 1108-ը գնդակահարության ենթարկվեց: Այդ բախտին արժանացան կենտրոնական կոմիտեի տասնյակ անդամներ: Տեռորը ներթափանցել էր նաև կուսակցության շարքեր: Ստալինը չխնայեց անգամ ՆԿՎԴ-ի ամենասարսափելի դահիճներից Եժովին, ով ձերբակալվեց 1940 թվականին: Խորհրդային ՆԿՎԴ-ն տասնյակ հազարավոր մարդկանց էր գցում բանտերը կամ գնդակահարում: Անձամբ Ստալինն էր ստորագրում մահվան հրամանները: Տեռորն այն աստիճանի էր հասել, որ խոշոր քաղաքներում գնդակահարվածների թիվը կազմում էր օրական 1200-1300 մարդ: Բռնաճնշումների համատեքստում թիրախավորված էին բոլոր խմբերը նաև երեխաները: Խոսքը, մասնավորապես, բռնաճնշումների ենթարկված երեխաների մասին է: Դա լուծվեց 1937թ. օգոստոսի 15-ին, երբ խորհրդային ՆԿՎԴ-ի ղեկավար Ն. Եժովի կողմից ստորագրվեց «Հայրենիքի դավաճանների, ընտանիքի անդամների և երեխաների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու» մասին հատուկ հրամանը: Խորհրդային իշխանության այս հրեշավոր փաստաթուղթը վերաբերում էր 1930-անների Ստալինյան բռնաճնշումների զոհ դարձածներին և նրանց ընտանիքների անդամներին: Այս հրամանի համաձայն՝ ձերբակալման էին ենթակա այն կանայք, ովքեր ձերբակալման ժամանակ բռնաճնշման զոհ դարձածի կինն են եղել: Ձերբակալման էին ենթակա նաև նրանց երեխաները: Անգամ նորածիններն էին իրենց մայրերի հետ միասին համակենտրոնացման ճամբարներ ուղարկվում և մինչև 1-1.5 տարեկան դառնալը մնում այնտեղ: Այնուհետև նրանց խլում էին մայրերից և մանկատներ հանձնում: Մինչև 15 տարեկան դառնալը նրանք մնում էին մանկատներում: Այն երեխաները, որոնք համարվում էին «վտանգավոր հասարակական տարրեր» և ունակ էին «հակախորհրդային գործողություններ» կատարել, ուղարկվում էին հատուկ երեխաների համար ստեղծված համակենտրոնացման ճամբարներ: Այդ առթիվ հարկ է նշել, որ 1938թ. օգոստոսի 4-ի դրությամբ բռնադատվածների ընտանիքներից խլվել էր շուրջ 18 հազար երեխա, և դեռևս 5000-ին նման ճակատագիր էր սպասվում: ԽՍՀՄ իշխանություններն այդ երեխաների համար «Երեխաների Գուլագներ» էին ստեղծել:

Այդ շրջանում Խորհրդային իշխանությունն էլ ավելի սարսափելի օրենք հաստատեց, համաձայն որի՝ դատվող երեխաների նկատմամբ թույլատրվում էր պատժի բարձրագույն տեսակը` գնդակահարությունը: Երեխաների նկատմամբ մեղադրանքները նույնն էին, ինչ իրենց ծնողներինը կամ հարազատներինը՝ «հակախորհրդայինությունը» և «հակահեղափոխականություն»: Բնականաբար, այդ մեղադրանքները որևէ հիմք չէին ունենում: 1938թ. հունվարի 30-ին «Զինվորական կոլեգիայի» հրամանով գնդակահարվեց 16-ամյա Յուրի Կամենևը: Գնդակահարության հիմնավորումն այն էր, որ տղայի հայրը ԽՍՀՄ գաղափարական հակառակորդ էր, և տղան ենթադրաբար իր հոր ազդեցության տակ էր գտնվում: Երկրում տեռորը շարունակվում էր: Գնդակահարությունների մեծ մասը տեղի էր ունենում Բուտովյան ճամբարում, որտեղ այդ տարիներին 20 հազարից ավելի մարդ էր գնդակահարվել: Գնդակահարության ենթարկվածների թվում էր նաև 13-ամյա Միշա Շամունինը, որի միակ «մեղքն» այն էր, որ համատարած սովի ժամանակ համարձակվել էր 2 կտոր հաց գողանալ: Նա գնդակահարվեց 1937թ. դեկտեմբերի 9-ին՝ դառնալով ճամբարում մահապատժի ենթարկված ամենակրտսեր մարդը: Ստալինյան բռնաճնշումների համատեքստում, իշխանություններին խորթ չէր նաև այլ ժողովուրդների ներկայացուցիչների զանգվածային աքսորը, բանտարկություններն և գնդկահարությունները: 1943թ. դեկտեմբերի 28-ին ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների 1432/425 որոշման համաձայն՝ սկսվեց Կալմիկյան շրջանի տասնյակ հազարավոր բնակիչների աքսորը Սիբիր: Հարկ է նշել, որ Կալմիկյան ինքնավար հանրապետությունը դեկտեմբերի 27-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն՝ կազմալուծվել և վերափոխվել էր Աստրախանի մարզի: Դեկտեմբերի 28-ից սկսած «Ուլուս» գործողության շրջանակներում ՆԿՎԴ-ի շուրջ 3000 զինվորական և մոտոհրաձգային գումարտակը սկսեց իրականացնել կալմիկների աքսորը: Աքսորն իրականացվում էր գնացքներով: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 28-29 ժամանակաշրջանում իրականացված գործողության շրջանակներում աքսորվեց շուրջ 92 հազար մարդ:

Աքսորյալների նկատմամբ կիրառվում էր ստալինյան բռնաճնշումների ժամանակ ստանդարտ կերպով օգտագործվող, այսպես կոչված, «Հայրենիքի դավաճանության համար» հոդվածը: 1949թ.հունիսի 14-ին «Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» հրամանագրով ԽՍՀՄ ենթակայության տակ գտնվող բազմաթիվ ժողովուրդներ ենթարկվեցին աքսորի: Բացառություն չէին նաև հայերը: 1949թ. հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը մոտավորապես 14-15 հազար հայ իրենց ընտանիքների հետ միասին գնացքներով աքսորվեց դեպի Ալթայի երկրամաս: Աքսորվածների մեջ կային բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ, մշակութային գործիչներ և պարզապես սովորական հայեր: Աքսորվածների մի մասը մահացավ ճանապարհին, իսկ ողջ մնացած մասն էլ տեղավորվեց համակենտրոնացման ճամբարներում:

Մերձբալթյան տարածաշրջանում տեղի ժողովուրդների աքսորի կազմակերպման վերաբերյալ որոշումներ ընդունվեցին 1940-ականներին: Մասնավորապես, 1941թ. հունիսի 14-ին Էստոնիայից շուրջ 10 հազար մարդ ընտանիքներով գնացքներով աքսորվեց Սիբիր: Գործողությունը կազմակերպել էր Էստոնիայի Ժող. կոմիսարիատը՝ կառույցի ղեկավար Բորիս Կումի գլխավորությամբ: Ամառվա ընթացքում աքսորվածների թիվը հասավ 25 հազարի: Հետագայում նրանց միացան 50 հազար էստոնացի տղամարդիկ: Աքսորվածների զգալի մասը մահացավ ճանապարհին, իսկ տեղ հասածները տեղափոխվեցին սիբիրյան Գուլագներ:

Հետպատերազմյան շրջանում՝ 1949թ. մարտ ամսին, տեղի ունեցավ 2-րդ աքսորը: Այդ ժամանակ շուրջ 20 հազար էստոնացի, 31 հազար լիտվացի և 42 հազար լատվիացի կրկին աքսորվեց Սիբիր: Աքսորների և բռնաճնշումների հետևանքով ոչնչացվում էր այդ Մերձբալթյան երկրների հասարակական-քաղաքական, հանրային և ռազմական էլիտան: Աքսորի և Կրեմլի կողմից տարածաշրջանում իրականացվող ռուսաֆիկացման քաղաքականության հետևանքով Մերձբալթյան երկրների ժողովուրդները սեփական երկրներում դեմոգրաֆիական լրջագույն խնդիրներ ունեցան:

1939թ. Լեհաստանի խորհրդա-գերմանական օկուպացիայից հետո Լեհաստանի խորհրդային հատվածում խորհրդային իշխանությունը սկսեց իրականացնել իրեն բնորոշ «Կարմիր տեռորի» քաղաքականությունը: Դրա ամենավառ դրսևորումներից մեկը գերի ընկած լեհ զինվորականության մասսայական ոչնչացումն էր: 1940թ. գարնանը խորհրդային իշխանության առաջին դեմքերի՝ Ստալինի, Միկոյանի, Վորոշիլովի, Մոլոտովի 1940թ. մարտի 5-ի ստորագրված հրամանով Սմոլենսկի մոտակայքում գտնվող Կատին անտառում խորհրդային ՆԿՎԴ-ի զինվորների կողմից գնդակահարվեցին շուրջ հազարավոր լեհ սպաներ: Գործողությունը սկսվեց 1940թ. մարտ ամսից: Այն իրագործելու համար ստեղծվել էին «Եռյակներ», որոնք պետք է գործերն արագ աչքի անցկացնեին և միանգամից բարձրագույն պատիժ սահմանեին ձերբակալվածների համար: Եռյակները գործում էին Մերկուլովի, Կաբուլովի, Բաշտակովի գլխավորությամբ:

Գնդակահարությունների հիմնական վայրերից էր Խարկովի ՆԿՎԴ-ի նկուղները, որտեղ 1940թ. ապրիլի 5-ից մինչև մայիսի 12-ն ամեն օր գնդակահարվում էր մոտավորապես 250 մարդ: Ընդհանուր առմամբ, Խարկովում գնդակահարվեց մոտ 4000 լեհ սպա: Բացի Խարկովից՝ լեհ սպաներին գնդակարահում էին Սմոլենսկի, Կիևի և Կալինինոյի տարածքներում: Ընդհանուր առմամբ, խորհրդային հանցագործները 22 հազար լեհ զինվորական գնդակահարեցին:

Ստալինյան հանցագործությունների համատեքստում առանձնահատուկ տեղ ունի Նացիստների հետ կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը: Պայմանագիր, որի շնորհիվ երկու տոտալիտար միությունները պատերազմից օրեր առաջ կատարեցին ազդեցության գոտիների բաժանում: Այս պայմանագրով գործնականում մաս-մաս արվեց ամբողջ Եվրոպան, և պատերազմ սանձազերծվեց ամբողջ աշխարհում: Գերմանիան և ԽՍՀՄ-ը դարձան «ռազմավարական դաշնակիցներ»: Ռուսամետ ուղղվածություն ունեցող գործիչները նշում են, թե իբր այդ պայմանագիրն անհրաժեշտ էր ԽՍՀՄ-ին, քանի որ կար Նացիստական Գերմանիայի կողմից վտանգ: Բայց ի՞նչ վտանգի մասին կարող է լինել խոսքը, երբ այդ շրջանում երկու պետությունները չունեին ընդհանուր սահման:

Ինչպես տեսնում ենք, Ստալինյան բռնաճնշումները չդադարեցին անգամ 1941թ. ամռանը սկսած գերմանո-խորհրդային պատերազմի ժամանակ: Շատ պատմաբանների կարծիքով՝ պատերազմի սկզբնական շրջանում սարսափելի տարածքային կորուստներն արդյունք էին այն բանի, որ բանակը քայքայված վիճակում էր, քանի որ զինվորականությունը նույնպես բռնաճնշումների թիրախում էր: Այդ իսկ պատճառով պատերազմի սկզբնական ամիսներին կռվող անձնակազմի 65-%-ը կա՛մ սպանվեց, կա՛մ գերի վերցվեց: Նացիստները Մոսկվայից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա հայտնվեցին:

Հետպատերազմյան շրջանում խորհրդային իշխանությունների տեռորը նոր թափ հավաքեց: Ձերբակալվում էին այն զինվորականները, որոնք հերոսաբար կռվել և հաղթել էին նացիստական Գերմանիային: Հայրենիքում նրանց սպասվում էր «Հայրենիքի դավաճանության» մեղադրանքը: Այդ շրջանում Ստալինի հրամանով ձերբակալվեցին ավիացիայի մարշալ Ա. Նովիկովը, գեներալներ Ն. Կրիստալովը, Պ. Պոնեդելինը և այլ սպաներ: Հետպատերազմյան շրջանում կրկին սաստկացավ Մերձբալթյան ժողովուրդների հալածանքները և բնակչության աքսորը: Ընդհանուր առմամբ, 1948-53թթ. ողջ երկրով մեկ ձերբակալվել և գնդակահարության է ենթարկվել մինչև 6.5 միլիոն մարդ:

Ստալինյան բռնապետության շրջանում, տարբեր տվյալներով, բռնաճնշումների ենթարկվածների թիվը հասնում է 20 միլիոնի: «Մեմորիալ» իրավապաշտպանական կազմակերպության տվյալների համաձայն՝ այդ թիվը հասնում է 39-40 միլիոնի: Ստալինյան ժամանակաշրջանում, տարբեր տվյալներով, շուրջ 10 միլիոնից ավելի մարդ ենթարկվել է գնդակահարության: Կոլեկտիվացման քաղաքականության զոհ է դարձել 8-10 միլիոն մարդ: Աքսորի և համակենտրոնացման ճամբարներում կալանքի են ենթարկվել միլիոնավոր մարդիկ, որոնցից մոտ 2 միլիոնը մահացել են:

1953թ. մարտի 5-ին Իոսիֆ Ստալինը մահացավ՝ այդպես էլ պատասխան չտալով մարդկության հանդեպ կատարած հանցագործությունների համար:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել