Картинки по запросу մենուա մեհրաբյանԵթե Բարսելոնան հաղթում է, ապա դա Բարսելոնան է: Եթե Բարսելոնան պարտվում է, ապա դա այն Բարսելոնան չէ: Ցավոք, սա կատալոնական ակումբի հազարավոր երկրպագուների կարծիքն է: Փոխարենը, ուրախալի է, որ կան Բարսելոնայի ադեկվատ երկրպագուներ, ովքեր թիմի ցանկացած պարտություն կարողանում են ընդունել սառը գլխով: Միանշանակ համաձայն եմ այն տեսակետի հետ, որ ներկայումս Բարսելոնան չի թողնում այն տպավորությունը, որը թողնում էր՝ օրինակ, նախորդ մրցաշրջանում: Բայց երբեք չպետք է մոռանալ, որ Բարսելոնան մնում է Բարսելոնա, որին չպետք է վերաբերվեն արդարացումները, քանի որ հակառակ դեպքում, Բարսան չէր դասվի գրանդների շարքին: Այո, Բարսելոնայի խնդիրներն ակնհայտ են, Բարսելոնայի խաղային ճգնաժամն ակնհայտ է, բայց դա պետք է վերաբերի եւ անհանգստացի բացառապես ակումբի ղեկավարությանը, բայց ոչ երբեք Յուվենտուսին, Մալագային, Դեպորտիվոին եւ այլն: Թիմը խաղում է այնքանով, որքանով նրան թույլ է տալիս մրցակիցը: Յուվենտուսը երեկ թույլ չտվեց՝ հաստատելով, որ Թուրինն ու քաղաքի գլխավոր ակումբը լուրջ հավակնություններ ունեն այս մրցաշրջանում: Բարսելոնայի անհաջողության մեջ գլխավոր մեղավորը Լուիս Էնրիկեն է, միանշանակ: Չունենալով տակտիկական ճկունություն, խաղը կտրուկ փոխելու ունակություն, Էնրիկեն հերթական անգամ ցույց տվեց, որ Բարսելոնան դեռեւս խաղում էր Խոսեպ Գվարդիոլայի "ներկայությամբ": Բարսելոնայի մեծագույն հաջողությունները կամ դրանց կրկնությունները դեռեւս առջեւում են. դրանում կասկած չկա: Սակայն ընդունենք, որ ներկա պահին Յուվենտուսը գերազանցում է կատալոնական ակումբին: Դա չի վերաբերում միայն երեկվա հանդիպմանը: Դա ունի ավելի հիմնավոր բացատրություն, որը կոչվում է կայունություն: Երբ Յուվենտուսն Ա Սերիայում մեկը մյուսի ետեւից պարտության է մատնում մրցակիցներին, բոլորը դրանից մոլորության մեջ են ընկնում՝ պատճառաբանելով, որ Ա Սերիայի մակարդակն անհամեմատ ավելի թույլ է, քան Իսպանիայի Պրիմերայի մակարդակը: Մենք՝ Յուվենտուսի երկրպագուներս, ովքեր ի դեպ, երբեւէ չենք չարախնդացել որեւէ թիմի անհաջողության վրա, երբեւէ վիրավորական որեւէ արտահայտություն չենք արել ցանկացած թիմի, վերջիններիս ֆուտբոլիստների հասցեին, ջանասիրաբար փորձում էինք բոլորի համար հստակեցնել այն պարզ իրողությունը, որը Ա Սերիայի թեկուզեւ թույլ լինելն ամենեւին չի նշանակում, որ Եվրոպայում Յուվենտուսն անելիք չունի: Համաձայն եմ, որ Չեմպիոնների լիգան դեռեւս չի ավարտվել, որ դեռեւս նաեւ պատասխան հանդիպում կա Նոու Կամպում, բայց Յուվենտուսը ցույց տվեց եւ ապացուցեց, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում իր հետ պարտավոր են հաշվի նստել բոլոր ակումբները: Դեռեւս քառորդ եզրափակիչի վիճակահանությունից առաջ գրել էի ցանկությունս՝ որպես մրցակից ստանալ հենց Բարսելոնային: Շատերը շտապեցին հեգնանքով վերաբերվել դրան՝ իբր, ավելի լավ կլիներ Յուվենտուսի մրցակիցը լիներ Ռեալը, քանի որ Բարսելոնայի դեմ շանս չունեք: Ներկայիս Ռեալն ավելի ուժեղ է Բարսելոնայից, ի դեպ: Բայց խոսքը ոչ թե դրա մասին է, որ համեմատաբար թույլ մրցակից էի ուզում տեսնել, այլ այն մասին, որ Բարսելոնայի հետ դիմակայությունն ամենապարզ կերպով կբացահայտեր Յուվենտուսի իրական ներուժը, ինչպես նաեւ՝ իրական հնարավորություն կլիներ ռեւանշի համար: Ռեւանշը ռեւանշ է, եւ այստեղ արդեն ոչ ոքի հետաքրքիր չէ, թե մրցակիցն ինչպիսի մարզավիճակում է ներկա պահին: Կրկնեմ, եթե դա այդպես չլիներ, ապա գրանդ ակումբ համարվելու իրավունքը Բարսելոնան չէր ունենա: Ռեւանշի առաջին ռաունդն ավարտվեց: Վերջնական արդյունքին ականատես կլինենք Նոու Կամպում: Ֆրանսիական Պարի Սեն-Ժերմենի հետ կայացած դիմակայության երկրորդ խաղում Բարսելոնայի սուպերքամբեքը նաեւ մոլորության մեջ է գցել կատալոնական ակումբի ոչ ադեկվատ երկրպագուներին, ովքեր միաբերան նշում են, որ նույն սցենարը տեսնելու ենք նաեւ Բարսա-Յուվե խաղի ժամանակ: Շտապեմ հիասթափեցնել. Յուվենտուսը Պարի Սեն-Ժերմեն չէ՝ որքան էլ հարգենք ֆրանսիական ակումբին: Նախ, Իսպանիայում կրած պարտության մեջ առաջին մեղավորները Պարի Սեն-Ժերմենի ֆուտբոլիստներն էին, ովքեր խաղի հենց առաջին րոպեից սկսեցին գործել այնպես, ինչպես Եղեգնաձորի Արփան ժամանակին գործում էր Փյունիկի հետ խաղերի ժամանակ: Բացի այդ, Յուվենտուսն իրեն հարգող ակումբ է, որի պաշտպանությունը եթե ոչ լավագույնն է Եվրոպայում, ապա գոնե այս առումով "արծաթե մեդալակիրն է": Երեկվա հանդիպման ժամանակ, իհարկե, լուրջ ձախողումներ եղան Յուվենտուսի պաշտպանությունում, որոնք չպետք է թույլ տալ պատասխան խաղում: Բայց ընդհանուր առմամբ, Յուվենտուսի պաշտպանությունն իր բարձրության վրա էր: Բացատրությունը միակն է՝ գոլ չընդունեց! Բուֆֆոնի մասին կարելի է անվերջ գրել ու գրել...Բայց գրելու փոխարեն ավելի լավ է եւս մեկ անգամ դիտել Ինյեստայի հարվածից հետո կատարած սեյվը, որը վճռորոշ էր այդ խաղում: Առհասարակ, խաղին տրամադրվելու, խաղին ամբողջությամբ տրվելու, հոգով ու "ջիգյարով" խաղալու տեսանկյունից Յուվենտուսը հավասարը չունի Եվրոպայում: "Ծեր Սինյորայի" խաղն ավելի թիմային է դարձել, որի մասին շատ է խոսվել, շատ է գրվել տարբեր կայքերում, որին հիմա հավելյալ անդրադառնալուն կարիքը չկա: Արձանագրեմ միայն, որ Յուվենտուսը ցույց է տալիս պարզ ճշմարտությունը. թիմն ավելի հաջող ու արդյունավետ է գործում, եթե կազմում չկան բացահայտ առաջատարներ: Իսկ Յուվենտուսի կազմը խորը փոփոխությունների է ենթարկվել, եւ որն ամենակարեւորն է, տրանսֆերային հաջող գործարքների ադյունքում ակումբը ձեռք է բերել թիմի փիլիսոփայությանը համապատասխանող ֆուտբոլիստների, որոնց լրացնում է արդեն Մասսիմիլիանո Ալլեգրին, եւ Յուվենտուսը մեկ քայլով էլ մոտենում է մրցաշրջանի արդյունքում "ոսկե եռյակ" ձեւակերպելուն: Յուվենտուսի երեկվա հաջողությունը մեծապես կապված էր նաեւ այն հանգամանքի հետ, որ Դանի Ալվեշն ու Ալեքս Սանդրոն փայլուն կերպով կատարեցին իրենց խնդիրը՝ չեզոքացնելով եզրերից սպասվող լուրջ վտանգները (որոշ դրվագները հաշվի մեջ չեն, քանի որ անհնար է կատարելապես փակել եզրերը): Գերվստահ Բոնուչչին եւ անողոք Կյելինին "երկրորդ հարկի տնօրեններն էին": Միայն թե Կյելինին՝ ոտքով փոխանցումներ կատարելու համար, դեռ սովորելու հսկայական բան ունի: Մի փոքր ստվերում մնաց Միրալեմ Պյանիչը, բայց հենց այդ "ստվերային խաղի" համար էլ Պյանիչը խաղադաշտում էր. պաշտպանությունից արդյունավետ դուրս գալու գործը հաջողությամբ իրականացրեց: Ընթացիկ մրցաշրջանում՝ խաղային այլ դիրքում եւ նոր որակներով, բացահայտվեց նոր տեսք ստացած Մարիո Մանջուկիչը: Թվում էր, թե Ալլեգրին սխալվել էր՝ Մանջուկիչին կիսապաշտպանության ձախ եզրում օգտագործելով, բայց Մասսիմիլիանոն տեսել էր այն, ինչը մենք՝ մեծ ցանկության դեպքում, այդպես էլ չէինք տեսնի: Մանջուկիչը երեկ փայլեց, պարզապես: Մեր խորվաթ հսկան դարձել է մրցակիցների պաշտպանության եւ կիսապաշտպանության աջ եզրի իսկական գլխացավանքը (Մեսսին ասեց, - Ապե՜ր, մենք որ ֆուտբոլ էինք խաղում, դուր ո՞ւ էիր): Մեծ գլխացավանք է նաեւ Խուան Կուադրադոն: Կրկին մրցակցի պաշտպանների եւ կիսապաշտպանների համար, սակայն այս դեպքում՝ ձախ եզրի: Կատարյալ վստահություն սեփական ուժերի եւ ունակությունների նկատմամբ - սա Կուադրադոյի խաղային վերելքի գլխավոր նախապայմանն է: Կոլումբիացին կրկին փայլեց ու մնաց իր բարձրության վրա: Եթե ոմանք կարծում են, թե Գոնսալո Իգուաինն անհամեմատ պասիվ էր, ապա խորհուրդ կտամ եւս մեկ անգամ դիտել խաղի տեսագրությունը: Իհարկե, հարձակվողի սուրբ պարտականությունը գոլ խփելն է: Բայց հարձակվողն ունի նաեւ այլ պարտականություն եւս՝ առանց գնդակի ճիշտ խաղով ազատ գոտի եւ նպաստավոր դիրք ստեղծել ենթահարձակվողի, կամ խորքից գրոհին միացած խաղընկերոջ համար: Հենց նման գործողությունն էլ բերեց նրան, որ Պաուլո Դիբալան արեց այն, ինչին երկար ժամանակ սպասում էինք: Իսկ Իգուաինի կատարումը կտեսնենք Նոու Կամպում: Հաղթանակն առավել քան տպավորիչ եւ համոզիչ էր: Գնդակ բաց չթողեցինք, խփեցինք երեքը եւ, եթե չմոռանանք, որ Յուվենտուսն իտալական ակումբ է, միգուցե աշխարհում եզակին, որը կարողանում է պահպանել նույնիսկ մեկ գնդակի առավելությունը, եթե դիմակայությունը բաղկացած է երկու խաղերից, ապա կարելի է փաստել, որ Յուվենտուսը մեկուկես ոտքով տեղավորվեց Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, ֆուտբոլում ոչինչ բացառել չի թույլատրվում (դա փայլուն գիտեն նաեւ Յուվենտուսի ֆուտբոլիստները), բայց կարծում եմ, որ Բարսելոնան պետք է սկսի կառուցվել գալիք մրցաշրջանի համար: Ամեն դեպքում, կասկածից վեր է, որ եւս մեկ գերհետաքրքիր խաղի էլ ականատես ենք լինելու Կատալոնիայի մայրաքաղաքում:

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով եւ վայելեք սիրված ակումբների գեղեցիկ խաղն ու հաղթանակները!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել