«Մեր տեղեկություններով, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության որոշ ռեյտինգային թեկնածուներ իրենց ընտրողների քվեարկությունները վերահսկելու համար շատ հետաքրքիր նորամուծություն են արել:

Նրանք անգամ տեղեկատվական տեխնոլոգիաներ են կիրառել: Հայտնի է, որ ռեյտինգային հիմնական թեկնածուները բավականին մեծ ընտրակաշառք են բաժանել: Իսկ որպեսզի վերահսկեն գործընթացը, որ ընտրողն այդ տասը կամ քսան հազարական դրամները վերցնելուց հետո իսկապես իրենց է քվեարկելու, նրանց նախապես բջջային հեռախոսներ են տրվել, որոնց մեջ ներդրված է եղել հատուկ ծրագիր: Այդ ծրագիրը նույն պահին ֆիքսում է, որ ընտրողը մտնում է ընտրատեղամաս, մոտենում հանձնաժողովին, ստանում քվեաթերթիկները ու քվեարկում: Եվ որ ամենակարեւորն է, ընտրողը հեռախոսով նկարում է իր քվեարկությունն ու հեռախոսային այդ նույն ծրագրով այն անմիջապես ուղարկում թեկնածուի գրասենյակ՝ մեկ այլ հեռախոսահամարի վրա:

 

Այդպիսով, տվյալ թեկնածուն կարողանում է գրեթե ամբողջությամբ վերահսկել իրենից ընտրակաշառք վերցրած ընտրողի քվեարկությունը: Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանից: «Այ քեզ բան: Ես տեղեկացված չեմ նման բաներից, առաջին անգամ եմ լսում»-պատասխանեց նա»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել