Asekose.am-ը գրում է.
 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դերասան, երգիչ և ռեժիսոր Միքայել Պողոսյանը Երևանի ավագանու ընտրություններում ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում:  Չնայած դրան` դերասանի խոսքով` ինքը չգիտեր, որ ՀՀԿ-ի ցուցակում է.
 «Ես ՀՀԿ-ի ցուցակում չեմ, եթե ես իմանամ, որ ՀՀԿ-ի ցուցակում եմ, հենց վաղն էլ դիմում կտամ և դուրս կգամ, ի՞նչ ՀՀԿ-ի ցուցակ»:

Asekose.am-ը փորձեց կապ հաստատել Միքայել Պողոսյանի հետ` պարզելու, թե արդյո՞ք նա դուրս է եկել տվյալ ցուցակից, սակայն`ապարդյուն: Վերջինս կամ անջատում կամ, առհասարակ, չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Նշենք, որ մեկնաբանելով իր` ավագանու անդամի թեկնածություն դնելու որոշումը, Միքայել Պողոսյանն ասել էր, որ դա որևէ առնչություն չունի քաղաքականության հետ.

«Ես այդտեղ մտել եմ որպես մշակութային գործիչ ու փորձելու եմ մշակութաբար վերաբերվել էս քաղաքին ու իմ լուման ներմուծել, ինչքա՞ն կարելի է այսպես աղավաղված քաղաքում ապրել»,- կայքերից մեկի հետ զրույցում ասել էր Միքայել Պողոսյանը:

Հատկանշականն այն է, որ լրագրողի այն դիտարկմանը, որ օրինակ` Հրանտ Թոխատյանն այս անգամ որոշել է չառաջարդվել, որովհետև իր սպասելիքները չեն  արդարացել, և այդ ամենը ժամանակի վատնում է, Միքայել Պողոսյանը, ով, ինչպես հայտնի է Հրանտ Թոխատյանի մտերիմ ընկերն է, ասել է. «Ինձ համար հիմք չէ Թոխատյանի կարծիքը կամ գործունեությունը»:

Asekose.am-ը կապ հաստատեց Հրանտ Թոխատյանի հետ` պարզելու, թե ինչպես կմեկնաբանի Միքայել Պողոսյանի` իր վերաբերյալ հնչեցրած բավական կտրուկ միտքը, սակայն դերասանը հորդորեց դիմել Միքայել Պողոսյանին: Հրանտ Թոխատյանը հավելեց նաև, որ  Միքայել Պողոսյանն իր  ընկերն է:

Իսկ այն հարցին` արդյո՞ք նա կողմ է, երբ մշակութային գործիչներն իրենց թեկնածությունը դնում են որպես ավագանի, Հրանտ Թոխատյանը կարճ և կտրուկ պատասխանեց.

«Մշակութային գործիչները թող զբաղվեն մշակույթով»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել