Ինձ թվում էր, որ Հայաստանում քաղաքական դիսկուրսի կուլտուրան մահացել է, երբ հետևում էի Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, սակայն ամեն ինչ գնում է նրան, որ ավագանու ընտրությունների քարոզարշավի համեմատ նախորդ քարոզարշավը քաղաքական կուլտուրայի էտալոնի է վերածվելու։

Փաստորեն՝ Երևանի քաղաքապետ դառնալու համար առանցքայինը ոչ թե քո քաղաքական ու տնտեսական ծրագրերն են, ոչ թե քո տեսլականը, ոչ էլ անգամ քո խարիզման որպես քաղաքական գործիչ այլ ծագումնաբանությունը։ Նիկոլը երբեք չի եղել իմ կինոյի հերոսը, բայց վուլգարություն եմ համարում «Ինչի ինքը էս քաղաքի տղա՞ ա, որ ուզում ա քաղաքապետ դառնա» թեզը, որ երեկվանից դրվել է շրջանառության մեջ։ Եթե դա է ամենակարևոր չափորոշիչը, ապա նույն Գագիկ Բեգլարյանից ավելի ուժեղ քաղաքի տղա թող չլինեն, կամ էլ Թոխմախի Մհերից․․․

Նույնքան անընդունելի է, ի դեպ, «Խի՞ պտի կնիկը քաղաքապետ լինի» եզրույթը։ Պարզ է, չէ՞, որ Փոստանջյանն էլ բնավ իմ կինոյի հերոսուհին չէ, բայց բերեք թացը չորի հետ չխառնենք։ Ի վերջո, Հայաստանի մայրաքաղաք Երևանի ընտրությունների մասին ենք խոսում, ոչ թե Իսլամական պետության մայրաքաղաք Ռաքքայի, որ մի հատ էլ թքենք էմանսիպացիայի վրա ու պահանջենք, որ կնանիք չադրեքը հագնեն ու խոհանոցից ելույթներ չունենան։

Այս տեմպերով մյուս ընտրություններին արդեն եվգենիկան ենք դիտարկելու՝ որպես քաղաքական գլխավոր գործոն, ու հայուգենի վկայականներով պետք է ներկայանալ մեր նեոնացիստների մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել