«Հանգստյան օրերին տեղեկություն տարածվեց, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, որը նաև խորհրդարանի ընտրություններին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով թեկնածություն էր առաջադրել, կտեղափոխվի խորհրդարան, իսկ մարզպետ կնշանակվի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգայիններից ամենաշատ ձայներ ստացած Կարեն Բոթոյանը։ Ինքը՝ Բոթոյանը, մեր հարցին ի պատասխան ասաց, որ իրեն ոչինչ դեռ չի ասվել։
 
Իսկ գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ասաց․ «Առայժմ ես նույն տեմպով աշխատում եմ, նման քննարկում տեղի չի ունեցել կուսակցությունում, կուսակցության ցանկացած որոշում ինձ համար ընդունելի կլինի»։ Ի դեպ, դեռևս ընտրություններից առաջ տեղեկություններ կային, որ Գրիգորյանն իր ցանկությամբ չի առաջադրվել, կուսակցությունն է որոշել «օգտագործել» նրա շանսերը և ձայն հավաքել կուսակցության համար։
 
Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ի սկզբանե ցանկություն ունեցե՞լ է խորհրդարան տեղափոխվելու։ «Մեր նոր Սահմանադրությամբ՝ ոչ մեկն ինքնուրույն չէր կարող առաջադրվել, ես էլ պարտավոր էի համաձայնել, դուք էլ տեսաք, թե ինչպիսի ընտրություն տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում, արդյունքները բոլորի համար պարզ են»։
 
Հիշեցնենք, որ Կարեն Բոթոյանը Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերոժի փեսան է, ստացել է 14 հազար 932 քվե, գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ 14 հազար 430, իսկ Հակոբ Հակոբյանը (Թունելի)՝ 13 հազար 248 քվե»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել