Shamshyan.com-ը գրում է․

Ապրիլի 10-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում BMW X5 մակնիշի 34 MZ 227 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թոխմախի գերեզմաններից դեպի Նոր գաջե գործարան տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ապառաժ քարերի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա, իսկ մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օգնության եկած՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներին և Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին դեպքի վայրում մի քանի երիատասարդներ սկսել են քարերով հարվածել, վնասելով ճանապարհային ոստիկանության և հրշեջ-փրկարարների ծառայողական ավտոմեքենաները:

Նրանք իրենց քայլը պատճառաբանում էին նրանով, որ շտապօգնությունը չի ժամանում, մինչդեռ Երևանի շտապօգնության բրիգադը օպերատիվորեն ժամանել էր և վիրավորին տեղափոխել հիվանդանոց, իսկ քանի որ երկրորդը մահացել էր, հետևաբար, շտապօգնության փոխարեն պետք է ժամաներ դի տեղափոխող բրիգադը:

Իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ այնքան ժամանակ, մինչև դեպքի վայր ժամանեցին ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ և միայն այդ ժամանակ հնարավոր եղավ ոստիկանության և փրկարարների ավտոմեքենաները կոտրած կասկածյալներին բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատսախանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստնաի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղց ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել