Asekose.am-ը գրում է.

«Տնից հեռու» նախագծի հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը, ինչպես և խոստացել էր իր հետևորդներին, մեկնել էր Հնդկաստան և հաղորդման շրջանակներում հանդիպել  բոլիվուդյան հեռուստասերիալների հայտնի դերասաններին: Asekose.am-ը զրուցել է Վարդանի հետ Հնդկաստան կատարած ճանապարհորդության, դերասանների հետ հանդիպման, նրանց հետ աշխատելու դժվարությունների, Հայաստանի և հայերի մասին նրանց ունեցած պատկերացումների մասին և ոչ միայն: 

-Վարդան, նախ կցանկանայի`մի փոքր պատմեիք Հնդկաստան կատարած Ձեր ուղևորության և Ձեր տպավորությունների մասին:Կարծես այն տարբերվում էր նախորդներից նրանով, որ հանդիպեցիք բոլիվուդյան հայտնի դերասանների, և եթե չեմ սխալվում, սա Ձեր տուրիստական գործակալության առաջին ուղևորությունն էր:

-Այո, այս ճանապարհորդությունը բավական դժվար էր ինձ համար, քանի որ, նախևառաջ, այն իմ տուրիստական ընկերության կազմակերպած առաջին ճանապարհորդությունն էր: 12 հոգի ինձ հետ մեկնել էին Հնդկաստան: Ես նրանց համար  կազմակերպել էի անմոռաց օրեր: Բացի դրանից`խմբի հետ միասին մեկնեցինք նաև Մումբայ քաղաք, որտեղ նախապես պայմանավորվածություն ունեինք մի շարք դերասանների հետ, ովքեր բավականին ճանաչված են այնտեղ: Հանդիպմանը ներկա էին նաև մեզ հետ մեկնած ճանապարհորդները. նրանք ևս առիթ ունեցան հայտնվելու հնդկական սերիալի նկարահանման հրապարակում: Կարծում եմ` նրանք դեռ երկար կհիշեն այդ օրերը, ես` ևս: Շուտով ևս մի ճանապարհորդություն կլինի դեպի Հնդկաստան և Թայլանդ:

-Ինչպե՞ս կարողացաք իրականացնել հանդիպումները բոլիվուդյան հայտնի դերասանների հետ, արդյո՞ք նրանք հեշտ համաձայնվեցին նկարահանվել հաղորդման շրջանակներում: Կարո՞ղ եք առանձնացնել նրանց, ովքեր աչքի ընկան իրենց անմիջականությամբ:

-Պետք է ասեմ, որ նրանց գտնելը ոչ թե բարդ էր, այլ շատ բարդ էր: Իհարկե, մեզ շատ էին օգնում, գլխավոր օգնականի մասին շուտով կխոսեմ «Տնից հեռու» ծրագրի շրջանակներում: Վատ էր, որ մի քանիսի հետ չստացվեց հանդիպել, բայց ամեն բան անում եմ` այդ բացը լրացնելու համար: Իսկ ինչ վերաբերում է նրանց հետ աշխատելուն, պետք է նշեմ, որ այդքան էլ հեշտ չէր, քանի որ շատերը  նույնիսկ հարցերն էին նախապես պահանջում: Բայց յուրաքանչյուր հանդիպում ավարտվում էր այնքան ջերմ, որ հետո նրանց հետ ընկերացանք: Ամենատպավորիչ հանդիպումն ինձ համար փոքրիկ Չակորի հետ հանդիպումն էր: Հիացած եմ այդ ֆանտաստիկ երեխայով. նման դաստիարակություն ունեցող, կիրթ, գեղեցիկ երեխա ամեն անգամ չես հանդիպի:

-Ձեր գրառումներից մեկում  անդրադարձել էիք Թինա Դատտային (Իչային)՝ նշելով, որ զզվում եք մեծամիտ և գոռոզ մարդկանցից: Հետաքրքիր է՝ իրականում ի՞նչ է տեղի ունեցել:

-Իրականում նրա հետ մենք պետք է հանդիպեինք: Հետո, չգիտես ինչու, հասկանալով, որ մեր երկրում ինքը շատ հայտնի է` սկսեց իրեն երևակայել և աստղային պահվածք ցույց տալ` փոխանակ իրեն դրանից լավ զգար: Չեմ սիրում նման բաներ: Իհարկե, շատ եմ ցավում դրա համար: Վստահ եմ, որ Հայաստանում շատերն են նրան սիրում, բայց նա շատ գոռոզ է: Պետք է նշեմ, որ որևէ մերժում նրա կողմից չի եղել, բայց կան բաներ, որոնցից ես հիասթափվեցի և այլևս  ցանկություն չունեմ նրան հանդիպելու:

-Վարդան, մեր վերջին հարցազրույցի ժամանակ Դուք նշել էիք, որ ամեն գնով փորձելու եք նկարահանել Ռաշամի Դեսանին (Տապասիային), ով Ձեզանից բավականմեծ գումար էր պահանջել 40 րոպե նկարահանվելու համար: սակայն Ձեր վերջին գրառման մեջ բավականին դրական էիք արտահայտվել նրա մասին: Հետաքրքիր է ՝ ինչպե՞ս կարողացքա նրան ներգրավվել նկարահանումներին, նրա պահանջած գումարի մասին խոսակցություններ եղե՞լ են :

-Այո, իրականում, երբ մենք առաջին անգամ կապ հաստատեցինք նրանց հետ, նրանք, ցավոք, քիչ բան գիտեին մեր երկրի մասին, և նրանց պատկերացմամբ` մենք համաշխարհային  շատ հարուստ հեռուստաալիքների նման ենք, որոնք վճարում են հարցազրույցի ամեն րոպեի համար: Բայց մենք կարողացանք բացատրել, որ եթե յուրաքանչոյւրին վճարենք 48.000 դոլար, ապա կսնանկանաք այդ դեպքում (ժպտում է): Այս դեպքում օգնեցին կապերը: Ես շատ նպատակասլաց մարդ եմ. եթե մի բան որոշել եմ, դա փոփոխման ենթակա չէ: Հանդիպեցին Տապասիայի դերակատարի հետ, ու շատ զարմացա. հրաշալի անձնավորություն, շատ ակտիվ, շատ ջերմ, բնական, նա ինձ շատ դուր եկավ:

-Վարդան, Դուք պարբերաբար տեսանյութեր էիք հրապարակում սոցցանցերի Ձեր էջերում, որոնցում բոլիվուդյան դերասանները հայերեն էին խոսում, և հարկ է նշել, որ նրանց մոտ լավ էր ստացվում: Հետաքրքիր է՝ նրանք ի՞նչ գիտեն հայերի և Հայաստանի մասին, արդյո՞ք գիտեն, որ բավականաչափ հասցրել են սիրվել հայ հեռուստադիտողների կողմից

-Ցավոք, ոչ ոք բացարձակ ոչ մի բան չգիտեր Հայաստանի մասին, ինչը, իհարկե, շատ էր նյարդայնացնում: Ամեն անգամ այն հարցին, թե ինչ գիտեն Հայաստանի մասին, նրանք խնդրում էին, որ օգնեմ իրենց պատասխանել: Դա, իհարկե, շատ ցավալի էր, բայց կարևորն այն է, որ արդեն իմացան, և եթե մեկ անգամ էլ այցելեն Հայաստան, ավելի լավ կիմանան ամեն ինչ և նույնիսկ կպատմեն բոլորին:

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք նաև, որ փորձելու եք կազմակերպել նրանց այցը Հայաստան: Արդյո՞ք այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր ձեռնարկել եք: 

-Այո, բավական մեծ քայլեր արդեն ձեռնարկել եմ, հուսով եմ` կստացվի: Չգիտեմ`նրանցից ով կլինի, բայց ախատում եմ այդ ուղղությամբ: Շատ կցանկանամ նրանց ցույց տալ մեր երկրի կարևորագույն վայրերը, ուզում եմ` տեսնեն, թե ինչ լավն ենք մենք` հայերս, ուզում եմ` փորձեն մեր խոհանոցը, սիրեն մեր երիտասարդներին: Հնդկաստանում նման 1000-ավոր հեռուստասերիալներ կան, շատերն այնտեղ նրանց չեն էլ ճանաչում: Հավատացեք, նրանք այսօր ավելի շատ ճանաչված են Հնդկաստանից դուրս, քան իրենց երկրում օրինակ` Վրաստանում, Ինդոնեզիայում և այլն: Ուստի, նրանցից յուրաքանչյուրի` մեր երկրում արված լուսանկարը կարող է ստիպել տարբեր ազգերի ներկայացուցիչներին այցելել Հայաստան. ինձ համար դա շատ կարևոր է:

-Վարդան, Դուք բավական ակտիվ էիք այդ շրջանում սոցցանցերում, պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր էիք հրապարակում՝ բոլիվուդան դերասանների մասնակցությամբ: Այս շրջանում «Տնից հեռու» հաղորդման նատմամբ հետաքրքրությունը կարելի է ասել` բազմապատկվել է: Արդյո՞ք Դուք այդ դերասաններին ներգրավվել եք ինչ-որ տեղ նաև հաղորդման ռեյթինգը բարձրացնելու նպատակով՝ հաշվի առնելով հայ հանրության շրջանում նրանց նկատմամբ տածած հետաքրքրությունը:

-Իհարկե, առաջնային նպատակը դա էր, բացի դրանից` ծրագիրը ճանապարհորդության մասին է, և ինչու ոչ. եթե մարդկանց հետաքրքիր է, ապա ես կազմակերպում եմ: Իրականում, «Տնից հեռու»-ն, ըստ իս`բավականին լավ, ուսուցողական և ճանաչողական ծրագիր է . մարդիկ կարող են դիտել և շատ բան իմանալ այս կամ այլ երկրի մասին: Իսկ այն, որ այս անգամ ծրագրի շրջանակներում կլինեն նաև հայտնի դերասաններ, ինձ միայն հաճելի է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել