«Գեներալի աղջիկը» հեռուստասերիալում Արմանի դերակատար Արամ Մանուկյանն օրերս դարձել է 25 տարեկան: BRAVO.am-ին նա պատմել է իր ծննդյան տոնի հյուրերի եւ նվերների, ինչպես նաեւ մասնագիտությունների, ընտանիքի եւ փոքրիկ Անրիի մասին: 

Արամ Մանուկյանը կնոջ` Լիանայի հետ


Սովորել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնում:

Պարել եմ «Բարեկամություն» համույթում: Այնպես չէ, որ թողել եմ պարը եւ ընտրել դերասանի ճանապարհը. լավ ընկերներիս հետ հիմնել եմ «Inter Dance» պարային համույթը եւ փորձում եմ տնօրենի աշխատանքը համատեղել սերիալի նկարահանումների հետ:

«Գեներալի աղջիկն» առաջին քայլս չէ դեպի հեռուստատեսություն. մինչ այդ նկարահանվել եմ «Կյանքի գինը» եւ «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալներում:

Արամ Մանուկյանը` Անի Երանյանի ծննդյան տարեդարձին


Ցանկացած ասպարեզում կան դժվարություններ, ես էլ փորձում եմ լուծել բոլոր խնդիրները:

Նմանություններ կան իմ եւ «Գեներալի աղջիկը» սերիալում կերտածս կերպարի միջեւ: Ինչպես Արմանը, ես էլ վաղ տարիքում եմ ամուսնացել եւ շատ նվիրված եմ ընկերներիս, ինքնուրույն եմ որոշումներ կայացնում, փորձում եմ իմ ուժերով հաղթահարել բոլոր դժվարությունները թե′ անձնական կյանքում, թե′ ընտրածս մասնագիտություններում: Իսկ մնացած մյուս հարցերում տարբերվում ենք միմյանցից:

Ինչպես սերիալում, այնպես էլ իրական կյանքում կնոջս` Լիանային, հանդիպել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մոտ: 7 տարի է անցել այդ օրվանից, եւ կարելի է ասել, որ դա սեր էր առաջին հայացքից:

Արամ Մանուկյանի ընտանիքը


Արդեն 3 տարի է, ինչ ամուսնացած ենք: Լիանան ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը եւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան:

Կինս շատ խելացի է եւ ըմբռնումով է մոտենում իմ աշխատանքին, ինչի համար շատ շնորհակալ եմ իրեն: Խանդի տեսարաններ չեն լինում:

Տղաս` Անրին, 2 տարեկան 4 ամսական է: Նրա մասին կարող եմ անվերջ խոսել. շատ ուրախ եւ մարդամոտ բալիկ է: Արդեն իսկ նկատվում է նրա սերը դեպի պարն ու երաժշտությունը: Ամբողջ օրը երգում եւ պարում է:

Արամ Մանուկյանի ընտանիքը


Մարտի 12-ին դարձա 25 տարեկան: Ծննդյանս տարեդարձին հրավիրված էին կնքահայրս` Եգոր Գլումովը` կնոջ հետ, «Գեներալի աղջիկը» սերիալի անձնակազմը, «Inter Dance» պարային համույթից իմ շատ մտերիմ ընկերները ու էլի հարազատ շատ ու շատ մարդիկ, որոնց բոլորին թվել չեմ կարող:

Խնջույքին հարգելի պատճառներով ներկա չէր Անի Երանյանը, որը մեզ միացավ «Skype»-ի միջոցով:

Անի Երանյանն Արամ Մանուկյանի 25 ամյակին մասնակցել է «Skype»-ի միջոցով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել