Azatutyun.am-ը գրում է.
ԱԺ պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը,  azatutyun.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջիկայում սպասվող Երևանու ավագանու ընտրություններին, ասաց, որ որոշ աշխատանքներ իրականացնում են, բայց մասնակցության վերաբերյալ հստակ որոշում դեռ չեն կայացրել, առաջիկա երկու օրերի ընթացքում կորոշեն: Մասնակցության որոշում կայացնելու դեպքում նա հնարավոր համարեց, որ ինքը լինի քաղաքապետի թեկնածուն, քանի որ դեմ չէ:

«Ցանկացած քաղաքական գործընթաց պետք է օգտագործել քաղաքական պայքար մղելու համար, հետևաբար այս նույն քաղաքական գործընթացը կարող է օգտակար լինել մեր քաղաքական ծրագիրը ներկայացնելու, գաղափարը տարածելու և հանրությանը ոտքի կանգնեցնելու համար»,-ասաց նա:

Հարցին, թե եթե մասնակցեն ընտրություններին, միայնա՞կ են գնալու, թե՞ այլ քաղաքական ուժի հետ, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ճիշտ է միայնակ գնալ, քանի որ ունենք մեր ուրույն ծրագիրը, որը տարբերվում է այլ քաղաքական ուժերի ծրագրերից, և այն կյանքի կոչելու և առաջ մղելու խնդիր ունենք»:

Նա նաև նկատեց, որ փորձը ցույց է տալիս, որ ընտրություններից մեկ-երկու օր առաջ ստեղծված «արհեստական դաշինքներն» արդյունավետ չեն:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա նա ասաց, որ դրա դեմ հնարավոր չէ պայքարել, քանի որ, եթե պաշտոնապես հայտարարվում է, որ բնակչության շուրջ 35 տոկոսը աղքատ է, ապա նրանք մտածում են առօրյա թեկուզ մեկ ժամվա խնդիրը լուծելու մասին և նրանց հնարավոր չէ պարտադրել՝ լուծել ռազմավարական խնդիր:

Ըստ Փոստանջյանի՝ պետք է հասարակության համար հստակ սևի ու սպիտակի պատկերացում ստեղծել քաղաքական դաշտի վերաբերյալ և ոչ թե բազմաթիվ գույներով դաշտը լցնել, ինչպես եղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել