Картинки по запросу aggressive us

Երբեմն մոտս տպավորություն է, որ ԱՄՆ-ն իրեն պահում է փողոցային բութ խուլիգանի պես, ով, եթե որոշել է մեկին բամփել, ապա ինչ-որ հիմարագույն պատճառաբանություն է գտնում դրա համար ու հիմնվելով դրա վրա՝ տփում։ Ընդ որում՝ տպավորություն է, որ ԱՄՆ-ն այն աստիճան բութ խուլիգան է, որ երկրորդ անգամ է կիրառում նույն անհեթեթ պատճառաբանությունը, որպեսզի որոշակի լեգիտիմություն հաղորդի իր ռազմական ագրեսիային։ Սակայն եկեք ամեն ինչի մասին հերթով ու կարգով խոսենք։

Գործողություն 1․ Արյունարբու Ասադը քիմիական զենք է կիրառում խաղաղ ԻՊ-ականների նկատմամբ

Картинки по запросу bloody assad

Երեկ համացանցում կայծակի արագությամբ տարածվեցին սարսափելի կադրեր Իդլիբ քաղաքից, որտեղ տասնյակ երեխաների ու խաղաղ բնակիչների դիակներ էին ցուցադրված։ Հայտարարվեց, որ բոլորը զոհվել են զարին գազով արված քիմիական գրոհի արդյունքում։ Արևմուտքը միանգամից մեղավոր նշանակեց պաշտոնական Դամասկոսին ու անձամբ Ասադին։

Անկեղծ ասած՝ մոտս ուժեղ դեժավյուի զգացողություն էր, որովհետև, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը շատ պաթետիկ ճառն արտասանելիս ցուցադրում էր այդ գրոհի զոհերի լուսանկարները, ակամայից աչքիս առաջ էր գալիս Քոլլին Փաուելը, ով տարիներ առաջ նույն ամբիոնում էլի նույն պաթոսով լոլոներ էր կարդում ու ինչ-որ սրվակ էր թափահարում։ Արդյունքը գիտենք՝ ոչնչացրին Իրաքը։ Հիմա հերթը երևի Սիրիայինն է։

Գործողություն 2․ Հետաքննությո՞ւն․․․ Հետաքննությունն ի՞նչ է

Այս քիմիական գրոհի պատմությունը ի սկզբանե խիստ պղտոր ու կասկածելի է։ Տպավորություն է, որ էս բալագանի սցենարիստները նույն այն մարդիկ են, ովքեր գրել էին մեր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը։ Ասել կուզեմ՝ քարոզը հաշվարկված է միջին վիճակագրական իմբեցիլի համոզելու համար, իսկ մի երկու ծալք ավել ունեցող մարդու համար առնվազն ակնհայտ չէ, որ քիմիական զենքը կիրառողը Ասադն է եղել։ Նշեմ միայն մի քանի դրվագներ, որոնք խիստ կասկածելի են դարձնում այս ողջ պատմությունը․

ա) Գրոհի մասին ղալմաղալ բարձրացնելն ու հետագայում նաև ֆոտո ու վիդեո կադրերը հրապարակելն արել են, այսպես կոչված, «Սպիտակ սաղավարտները»։ Ով տեղյակ չէ, սրանք ռեբրենդինգ արած իսլամիստներ են։ Ըստ էության՝ նույն Նուսրան ու ԻՊ-ն է, պարզապես ավելի հուզիչ ու պուպուշ իմիջով։ Ի դեպ՝ այս բրենդը փիառում են, ինչքան ուժ ունեն, հրեն՝ դրանց մասին նկարած ֆիլմն էլ Օսկարի արժանացավ։

բ) Զոհերին պատկերող կադրերը առավել քան տարօրինակ են։ Որոշ փորձագետներ ասում են, որ զարինի գրոհի արդյունքում սպանված մարդու մարմինը սպեցիֆիկ հետքեր պետք է ունենա, որոնք չկան։ Մյուս կողմից՝ փորձագետները նշում են, որ այդ մարմինների հետ առաջին կոնտակտ ունեցողը նույնպես կզոհվի, եթե քիմիական պաշտպանության ամբողջական հանդերձանք չկրի, իսկ մենք տեսնում ենք, որ նկարներում հակագազերով մարդիկ են, որոնք, սակայն, առանց ձեռնոցների են տեղաշարժում մարմինները։

գ) Կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի ու մասնավորապես՝ զարինի օգտագործման ոչ մի ապացուցված փաստ չկա, մինչդեռ իսլամիստների կողմից՝ որքան ուզես։ Նույն Իրաքում բազմիցս են կիրառել նույն զարինը՝ ընդդեմ կառավարական ուժերի, ու բոլորը պնդում են, որ զենքի հետքերը տանում են Սիրիա։ Ի՞նչ է եղել իրականում։ Ամենայն հավանականությամբ, Ասադի օդուժը հարվածներ հասցնելիս է եղել իսլամիստների ռազմական ենթակառուցվածքին ու պատահաբար խոցել է նաև քիմիական զենքի պահեստներ, եթե, իհարկե, եղել է քիմիական գրոհ։ Սակայն, ինչպես նշեցի արդեն, ոչ մեկի մրգին էլ չէ, թե ինչ է եղել իրականում։

Գործողություն 3․ Ռմբահարել ամեն գնով

Картинки по запросу tomahawk firing

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ամեն գնով ուզում է խորտակել Սիրիան։ Դժվարանում եմ ճշգրիտ պատճառները ասել, բայց փաստը մնում է փաստ, որ ԱՄՆ-ն կրկին իրեն վեր է դասել միջազգային իրավունքից ու օրենքներից։ Ոմանք պնդում են, որ սա արվում է Մոսուլի մսաղացից ուշադրություն շեղելու համար, այլոք ասում են, որ այս կերպ գործելով՝ Թրամփը հագուրդ է տալիս զենք արտադրողների շահերին, երրորդներն ասում են, որ գործարկվել է արդեն վաղուց փորձարկված ու իրեն էֆեկտիվ ցուցաբերած «փոքրիկ հաղթական պատերազմի» խաղաթուղթը․․․ Մի խոսքով՝ տարբեր բաներ են խոսում։

Ողջ հարցն այն է, թե որքան համառ ու վճռական կգտնվի Ռուսաստանը։ Փաստացի՝ ռուսներն արդեն միակողմանի դուրս են եկել ավիացիոն թռիչքները կանոնակարգող հուշագրից, ինչը նշանակում է, որ տեսականորեն կարող են խոցել ցանկացած օդային թիրախ, որը յուրային չի լինի, այդ թվում՝ ամերիկյան օդուժին պատկանող։ Բացի դրանից՝ ռուսները հրավիրել են ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ, որտեղ պատրաստվում են բարձրացնել այս հարցը։ Ու այս ամենը տեղի է ունենում ռուս-ամերիկյան բախտորոշ հանդիպումների նախաշեմին։

Եթե հիմա առճակատումը կտրուկ չկասեցվի, ապա մեծ է հավանականությունը, որ Թրամփը իրոք կարող է դառնալ ավելի մեծ պատուհաս, քան Օբաման էր։ Ցանակացած պարագայում այս ամենից լավ հոտ չի գալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել