Ընթերցվածք` Եզեկ. 37.1-14, Ա Տիմ. 3.14-16

Առաքելական թղթերից թերևս ամենակարճ ընթերցվածքն է այսօր ներկայացվում մեր ուշադրությանը: Սակայն որքա˜ն խոր և բովանդակալի են այդ երեք նախադասությունները, որքա˜ն նյութ են մատուցում մեզ խորհրդածելու Եկեղեցու` եկլեզիայի մասին, որ հավատացյալների համախմբումն է, կանչվածների համայնքը: 
Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղած իր առաջին թղթում խոսում է Աստծու տան մասին, որ «կենդանի Աստծու եկեղեցին է` սյուն և հաստատություն ճշմարտության» (3.15): Մենք՝ իբրև հավատացյալներ, պատկանում ենք կենդանի Աստծու այդ համայնքին, որ Բարձրյալի կամքով և առաքյալների լուսավորչական քարոզչությամբ հաստատվեց Հայոց աշխարհում և կոչվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Ոչ թե անշարժ ու մեռյալ կուռքերի ենք պատկանում ու երկրպագում, այլ կենդանի Աստծու եկեղեցին ենք, Ումից մենք էլ կյանք և շնորհ ենք ստանում: 
Այսօրվա այս ընթերցումը մեզ առիթ է ընծայում վերստին ճշտելու մեր վերաբերմունքը Աստծու տան, կենդանի Աստծու եկեղեցու հանդեպ, տեսնել, թե արդյո´ք մենք ճշմարտապես գիտակցում ենք մեզ իբրև էկլեզիա, ընկալում ենք մեր միությունն ու ամբողջությունը` որպես Քրիստոսի մարմին: 
Աստված միշտ էլ կանչում է մեզ դեպի Իրեն և Իր Սուրբ Եկեղեցին: Նա մեզ կանչում է ոչ միայն այն ժամանակ, երբ ղողանջում են եկեղեցու զանգերը, արարողություններ են կատարվում, այլ կանչում է մշտապես: Հիշենք մեր կյանքի բոլոր այն պահերը, երբ անդրադարձել ենք, որ սա Աստծու կանչն է, հորդորը սթափվելու և վերափոխվելու, բայց ուժ չենք գտել հետևելու դրան: Տերը միշտ բախում է մեր դուռը` հրավիրելով դեպի Աստծու տաճար, դեպի փրկություն: Սակայն միշտ չէ, որ մենք պատրաստ ենք կանգ առնել ու հրաժարվել մեր կյանքը լցնող տարբեր հոգսերից ու զբաղումներից և իմաստնաբար տնօրինել մեր ժամանակը:
Աստված հանապազ կանչում է մեզ Իր տուն, որպեսզի այնտեղ զգեստավորվենք հավիտենական կյանքի հույսով, գտնենք մեր հոգևոր կյանքի դարմանը և, բռնելով աստվածանմանության ճանապարհը, համակվենք ճշմարտությամբ ու միությամբ Քրիստոսի հետ: Հիշենք, որ Եկեղեցուց դուրս փրկություն չկա. այն է մեր պատսպարանը, այն է մեր հույսը և զորությունը:

Եկեղեցին է սյունը և հաստատությունը ճշմարտության, որը խնամքով պահպանվում է նրանում և փոխանցվում հավատացյալների հաջորդ սերնդին: Եկեղեցին պատերը և գմբեթը չեն, այլ` հավատը և կյանքը..., աստվածադիր եկեղեցական օրենքները: Եկեղեցին մենք ամենքս ենք: Սակայն մեր կյանքի վայրիվերումների մեջ հիշենք, որ Եկեղեցուց դուրս փրկություն չկա. այն է մեր պատսպարանը, այն է մեր հույսը և զորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել