Image may contain: 1 person

Ամեն ընտրություն/չընտրություն (ընկեր, կին, քաղաքական ուժ) աշխարհընկալում է: Այն ֆիքսում է, թե ընտրողն իրեն ինչ արժեքային ամբողջության հետ է նույնացնում: Նույնացնել ասելով պետք է հասկանալ, որ ընտրվողի վարքը, մոտեցումները և ամենակարևորը՝ արժեքները, այս կամ այն հանգամանքի զորու (այդ թվում՝ պրակտիկ շահի տեսանկյունից) ընտրողի համար հարազատ են, կոմֆորտի դաշտ են ստեղծում մի միջավայրում, որտեղ գործող խաղի կանոնների, ընդունելի-չընդունելի վարքի ձևավորման մեջ այդ ընտրողը գործուն մասնակցություն է ունեցել:

Վերոնշյալը վերաբերում է սոցիալական վարքի բոլոր ոլորտներին՝ ընտանիքից մինչև համապետական ընտրություններ: Օրինակ՝ ներկա խորհրդարական ընտրություններում նորահայտ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու «նոստալգիայի իներցիայով» հայտնված, սակայն իրականում նույնպես նորահայտ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն»-ը ստացել են մոտավորապես նույն քանակի ձայն: Սա փաստում է առնվազն մեկ իրողության մասին. ինչպես լիբերալիզմի, այնպես էլ կոմունիզմի-ամբոխավարության նկատմամբ ժողովուրդը կամ նրա «քաղաքացի հատվածը» նույնքան անտարբեր է:
Կամ օրինակ՝ «Ծառուկյան դաշինքն» իր առաջնորդի ոչ քաղաքական քարոզարշավի արդյունքում ստացել է մոտ 500 հազ. քվե: Սա իրականում ահռելի մեծ թիվ է և փաստում է, որ ընտրողն այս կամ այն հանգամանքի զորու կիսում է տվյալ ուժի-մարդու արժեքները, մոտեցումները: Կասե՞ք ընտրության դրդապատճառներն այլ են եղե՞լ: Միգուցե չի բացառվում, չնայած ես գոնե փաստեր չունեմ: Սակայն անգամ այդ պարագայում, եթե «ժողովուրդ» ասածը, անձնական մանր կենցաղային «շահերից» ելնելով, գնում է ոչ գաղափարական ընտրության, ուրեմն՝ նա առնվազն այդ քայլի մասով կիսում է իրեն նախընտրական նման առաջարկ արած տվյալ քաղաքական ուժի/ուժերի գործելաոճը, հետևաբար նաև նրանց արժեքները, վարքը, մոտեցումները: Նույնը նաև մյուս ուժերի դեպքում:

Նման վիճակում ամենից անհասկանալին այն է, երբ փորձ է արվում ժողովրդի սոցիալական անապահովության ցենզով արդարացման հիմնավորումներ գտնել նման վարքի համար: Այսինքն՝ ստացվում է այնպես, որ աղքատ երկրներում, ուր դեմոկրատական ավանդույթները թույլ են, ընտրություններում վճռորոշ է միայն գումարայի՞ն բաղադրիչը ու այդ պարագայում էլ մեղավորը միայն գումար տվո՞ղն է... Ստացվում է՝ աղքատ երկրները դեմոկրատ չե՞ն լինում..

Կարծում եմ՝ նման իրավիճակում մեկ կամ երկու մեղավոր գտնելն անիմաստ գործ է: Չնայած ցանկության դեպքում կարելի է հատ առ հատ վերհանել այն բոլոր գործոնները, որոնք ազդում են նման վարքի ձևավորման վրա:
Դեռ 90-ականների սկզբից մենք մեր սոցիալական վարքով, կենցաղում լեգիտիմի ու ոչ լեգիտիմի ցուցանիշներով, օրենքի ու քաղաքացիական ակտիվության նկատմամբ մեր հոռետեսական վերաբերմունքով, մեր ծուլությամբ ու իրավագիտակցութայն գրեթե բացակայությամբ ստեղծել ենք այնպիսի մթնոլորտ, խաղի կանոններ, միջավայր, երբ բացահայտ օրինախախտումը, ոչ ադեկվատ քաղաքկան վարքը դարձել է մեզ համար սպասելի ու լեգիտիմ:
Որպես վերոնշյալի հետևանք՝ մեզանում քաղաքական գործընթացը ընկալվում է կենցաղային և ոչ երբեք քաղաքական-քաղաքացիական տիրույթում: Որպես վերոնշյալի արդյունք՝ մեր ընտրողն առաջին հերթին ժողովուրդ է (սոցիալ-կենցաղային ընկալմամբ) և ոչ թե քաղաքացի:
Սա, իհարկե, մահախոսական չէ, այլ մտահոգություն, որի ներքո հիմնական հարց հետևյալն է՝ իսկ մենք ցանկանո՞ւմ ենք փոխվել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել