Ըստ նախնական հաշվարկների՝ նոր խորհրդարանում չեն լինի ՀՀԿ տարածքային ցուցակներով առաջադրված, ԱԺ հետևյալ պատգամավորները՝ Առաքել Մովսիսյան, Ալեքսան Պետրոսյան, Հրանտ Գրիգորյան, Արագած Ախոյան, Բազմասեր Առաքելյան, Մնացական Մնացականյան, Հակոբ Հակոբյան (Թունելի Հակոբ), Վարդան Այվազյան, Սուքիաս Ավետիսյան, Մարտուն Գրիգորյան, Մուշեղ Պետոյան, Հակոբ Հակոբյան (Կիլիկիայի Հակոբ):

Տարածքային ցուցակներով չառաջադրված և համապետական ցուցակներում էլ չընդգրկված կամ անցողիկ տեղեր չզբաղեցրած որոշ ԱԺ ՀՀԿ պատգամավորների նույնպես այլևս չենք տեսնի խորհրդարանում։ Նրանց թվում են Լևոն Մարտիրոսյանը, Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Աշոտ Աղաբաբյանը, Մհեր Սեդրակյանը, Համլետ Հարությունյանը, Գարեգին Նուշիկյանը։

Նշենք, որ ՀՀԿ-ն նախնական տվյալով 58 մանդատ կստանա՝ 28-ը՝ համապետական, 27-ը՝ տարածքային ցուցակներով, ևս երեք մանդատ նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ՝

Հանրապետական կուսակցություն - 49,12 տոկոս

«Ծառուկյան» դաշինք - 27,32 տոկոս

«Ելք» դաշինք - 7,77 տոկոս  

ՀՅԴ - 6,57 տոկոս:

Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ և ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք և Կոմկուս) չեն հաղթահարել նվազագույն շեմը:

ԿԸՀ նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել