Սերժ Թանկյանը և ընկերներն Արցախում հանդես են եկել հայտարարությամբ. տեսանյութArtsakhpress.am-ը գրում է.

Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցում երեկ՝ ապրիլի 3-ին, տեղի է ունեցել անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի մամլո ասուլիսը: Այս մասին հայտնում է artsakhpress.am-ը:

Արսինե Խանջյանը իր, Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի անունից հանդես է եկել հայտարարությամբ, որով աշխարհի արվեստագետներին կոչ է արել այցելել Արցախ և աջակցել երիտասարդ և տաղանդավոր այն արցախցիներին, ովքեր շարունակում են գրել, ստեղծագործել, նվագել և նկարել՝ անգամ այն ժամանակ, երբ պատերազմի պատճառով մեկուսացած են աշխարհից և շրջափակման մեջ են գտնվում:

Ասուլիսի ընթացքում այդ արվեստագետները խոսել են դեպի Արցախ իրենց այցի և դրա առաքելության մասին, իսկ այնուհետև՝ պատասխանել լրագրողների հարցերին: «Արցախպրես»-ի թղթակցի այն հարցին, թե առաջիկայում կան արդյո՞ք մշակութային ծրագրեր կապված Արցախի հետ, Սերժ Թանկյանն ասել է, որ ինքն անցյալ տարի արցախցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտության վրա է աշխատել:

«Դա իմ առաջին ստեղծագործական կապը եղավ Արցախի հետ, և շատ լավ աշխատեցինք միասին, որից էլ ես շատ ոգևորվեցի: Մտածում էի, որ նման աշխատանքներ ևս կլինեն: Եկել ենք մարդկանց հետ կապեր ստեղծելու»,- ասել է Ս. Թանկյանը և հավելել, որ մտածում է նաև Արցախում համերգ ունենալու մասին:

Արսինե Խանջյանն էլ նշել է, որ աշխարհի ճանաչված արվեստագետները պետք է անդրադառնան Արցախի թեմային, որը շատ կարևոր է: «Լավ կլինի, որ մեր արցախցիների աշխատանքներն աշխարհի տարբեր վայրերում ներկայացնենք՝ առիթն օգտագործելով, որ Արցախը ճանաչեն,- ասել է Ա. Խանջյանը և ավելացրել,- մենք միշտ ունեցել ենք Սփյուռք, և մեր գոյությունը պայմանավորված է նրանով, որովհետև ունեցել ենք հայություն, որ ապրել են աշխարհի տարբեր վայրերում: Կարևորն Արցախում կամ Հայաստանում ապրելը չէ, նրանք, ովքեր հնարավորություն ունեն շատ լավ է, որ չհեռանան այստեղից, բայց նրանք, ովքեր հնարավորություն չունեն պատմական առումով, կարող են որոշ պարտականություններ ավելի լավ կատարել՝ ապրելով այլ երկրում: Ազգությունը միայն հողի վրա լինելը չէ, այլև՝ մշակույթի արտահայտությունը, ինքնությունը, հավատքը և պատկանելությունն արտահայտելը՝ կատարած գործունեություններով: Եթե մենք այստեղ չենք ապրում, դա չի նշանակում, որ մենք պարտականություններ չունենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել