Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ ընտրությունների Պետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավար Վիկտոր Վոդոլացկին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն իր տեսակետն է հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ:

«Դիտորդների մեր խումբը բաղկացած է ինը մարդուց: Մեծամասամբ շրջել ենք Երևանի ընտրատեղամասերում: Դիտորդներից երկուսը շուտով կվերադառնան Գյումրիից և Ստեփանավանից»,- նշել է Վոդոլացկին:

Նրա խոսքով` ինքը հասցրել է լինել տասը ընտրատեղամասերում, իսկ երեկ եղել է Գառնիում և Գեղարդում, որպեսզի տեսնի, թե ինչպես են անցնում ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

«Առավոտյան ընտրող տատիկներից մեկի հետ անցա ընտրական ողջ արարողակարգը՝ հասկանալու համար, թե որտեղ հնարավոր կլինի ինչ-որ բան խախտել, և եկա այն եզրակացության, որ հնարավոր չէ որևէ բան կեղծել»,-ասել է նա:

Ըստ Վոդոլացկու` ինքը չի կարծում, որ որևէ ընտրող կարող է բողոքել ընտրելու այս նոր ձևից: «Կարծում եմ` տարբեր պետություններ կյուրացնեն այս նոր ձևաչափի տարրերը, որպեսզի հետագայում քիչ լինեն բողոքները: Նոր տեխնիկան միայն մի խնդիր ունի. հաճախ մարդկանց հերթեր են առաջանում այն պատճառով, որ սկաները դժվարությամբ է ճանաչում մեծահասակների մատնահետքերը: Եթե այլ երկրներ որոշեն կիրառել այս մեխանիզմները, ցանկալի է, որ հաշվի առնեն դա»,- ընդգծել է նա:

Վիկտոր Վոդոլացկին շեշտել է, որ շատ կուսակցություններ իրենց ծրագրերում պարզ չեն ներկայացրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացումը, գուցե դա է պատճառը, որ ընտրողների մի մասը դժվարությամբ է կողմնորոշվում իր ձայնը համապատասխան կուսակցությանը կամ դաշինքին տալու հարցում:

Նա ասել է, որ 17:00-ից հետո իրենք ևս մի քանի ընտրատեղամասեր կայցելեն ու կփորձեն հաղորդակցվել երիտասարդների հետ, քանի որ նրանք ազատ են, բացահայտ ասում են, թե ում են տալիս իրենց ձայնը և ինչու:

Վիկտոր Վոդոլացկին եզրափակել է խոսքը` շնորհավորելով բոլորին հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակի կապակցությամբ, որը լրանում է ապրիլի 3-ին: «Մենք դրական ենք տրամադրված սոցիալական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցում»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել