ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի հաղորդման հիման վրա:

Ոստիկանությունից փոխանցում են, որ, ըստ համացանցում շրջանառված տեղեկատվության, այսօր Կոնդում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը:

Նշվածի առնչությամբ ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Կոնդ թաղամասում՝ Ռուսթավելի 15 հասցեի բնակիչները հարձակվել են լրագրողների վրա:

Միջադեպով ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նույն խնդրի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազությունը, որում ասված է. «azatutyun.am և araratnews.am կայքերի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ azatutyun.am կայքում հրապարակված տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ պատշաճ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ»:

Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանից հայտնել են, որ  ամեն ինչ սկսվել է, երբ թղթակիցը նկատել է, որ ընտրողները նախքան տեղամաս գնալը մտնում են ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ: Դուրս գալուց նրանցից մի քանիսի ձեռքին թղթակիցը գումար է նկատել, որից հետո նույնպես մտել է շտաբ:

Տեղում գտնվող անձինք, նկատելով լրագրողին, պարզաբանել են, որ ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ: Այդ ժամանակ շտաբում գտնվող մի խումբ անձինք՝ այդ թվում՝ երիտասարդներ, ըստ «Ազատության», հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը, սկսվել է քաշքշուկ, և թղթակիցն աչքի հատվածում թեթև վնասվածք է ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել