Media.am-ը գրում է.

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները կսպասարկի, կդիտարկի, կվերահսկի և կլուսաբանի մոտ 100 հազար մարդ։

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, ոստիկանությունը հրապարակում է ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, որը երկուսուկես միլիոնից ավելի է:

Ընտրական գործընթացում, ընտրողներից բացի, ներգրավված են թեկնածուներ, վստահված անձինք, լրագրողներ, դիտորդներ, հանձնաժողովներ և այլ սպասարկող անձինք, որոնց ընդհանուր թիվն անցնում է 100 հազարը։

Նշենք, որ ավելի քան 2.5 միլիոն ընտրողներից 877-ն ընդգրկված են էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում։

Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է 6 միջազգային և 49 տեղական կազմակերպություն։ Միայն տեղական կազմակերպություններում ընդգրկված է ավելի քան 28 հազար դիտորդ։

Ընտրությունները լուսաբանելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 31 օտարերկրյա և 89 տեղական ԶԼՄ-ներ։ Օտարերկրյա լրատվամիջոցների թվում են «Ֆրանսպրեսը», «Բի-Բի-Սի»-ն, «Քուրդիստանը», Դանիայի Հանրային ռադիոն, ռուսական Առաջին ալիքը և այլն։

Ինչ վերաբերում է տեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկաններին, ապա ինֆոգրաֆիկայում նշված է նվազագույն թիվը՝ 4000։ Քվեարկության ընթացքում ընտրատեղամասում ծառայություն է իրականացնում երկու ոստիկան։ Դրան գումարած՝ ոստիկանության բոլոր բաժինները աշխատում են հատուկ ռեժիմով։

Ոստիկանության կողմից հրապարակած հաղորդագրության համաձայն՝ 197 ոստիկան գործուղվել է ընտրական տեղամասեր, ինչը նշանակում է, որ լրացուցիչ 197 ոստիկան իր ծառայության տարածքից գործուղվել է այլ շրջաններ։

Պայմանական է նաև վստահված անձանց թիվը։ ԿԸՀ-ից մեզ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին տրվում է վստահված անձանց՝ հստակ թվով սահմանված մանդատներ։ Իսկ թե քաղաքական ուժերն ինչպես կօգտագործեն ԿԸՀ-ից իրենց տրված հնարավորությունը՝ ընտրում են իրենք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել