Image may contain: 1 personՌԴ–ում Իսրայելի դեսպան Հարի Կորենը հայտարարել է, որ Իսրայելն իրական վտանգի առկայության պարագայում պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի տարածքում իրանամետ, լիբանանյան Հզբոլահ շարժման դեմ։
Նա նաև նշել է, Իսրայելն անմիջապես կարձագանքի, եթե Իրանն ու Հզբոլահը փորձեն նոր ճակատ բացել Հոլանի բարձրունքներում ու սպառնան Իսրայելի անվտանգությանը։
Ալ–Ջազիրայի տվյալներով, Իրանը վերջերս Հզբոլահին է փոխանցել Լիբանանում ռազմական արդյունաբերության հոսքեր։ Խոսքը գնում է գործարանների մասին, որոնք գտնվում են 50 կմ խորության վրա և պաշտպանված են օդային հարձակումներից։

Բացի այդ, իրաքյան շիական զինված խմբավորումները հայտարարել են հատուկ բրիգադի ստեղծման մասին, որը նպատակ է հետապնդելու գրավել Իսրայելի հսկողության տակ գտնվող Հոլանի բարձրունքները։ Այդ ուժերը նպատակ ունեն դիմել պաշտոնական Դամասկոսին և ստանալ նրանց համաձայնությունը։
Սիրիայում Իրանի շահերի սպասարկող է համարվում լիբանանյան Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմաքաղաքական միավորումը։

Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Ասադի կողմից։ Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա-տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից` Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը` պայքարելով տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումների դեմ։
Սիրիան ու Հզբոլահը` Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը` Դամասկոսի օդանավակայանի միջոցով ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի։

Իրանը Սիրիային վաղուց նավթ է առաքում ցածր գներով, իսկ 2011թ.-ից` հակամարտության սկզբից ի վեր Թեհրանն ավելի քան չորս միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին։ Պետական ԶԼՄ–ների տվյալներով, Իրանը ամսական 700 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Սիրիային։
Թել Ավիվին ձեռնտու է կազմաքանդել Իրան-Սիրիա-Լիբանան առանցքը, քանի որ Հզբոլահն Իսրայելի հյուսիսից սպառնում է հրեական պետության անվտանգությանը` իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայելով սահմանին։ Հզբոլահն Իրանի «զենքերից» մեկն է՝ ուղղված Իսրայելի դեմ։
Հզբոլահը` Սիրիայի տարածքում իր դեմ ուղղված հարվածին կպատասխանի Լիբանանի հարավից հարվածելով Իսրայելին, այդ թվում իսրայելական միջուկային օբյեկտներին։ Այս պարագայում ռազմական գործողություններին, որպես Իսրայելի ռազմավարական դաշնակից ու անվտանգության երաշխավոր կմիջամտի ԱՄՆ–ը։

Չպետք է մոռանալ նաև Իրանի ազդեցության մասին ՀԱՄԱՍ–ի և պաղեստինյան այլ զինված խմբավորումների վրա։ Հզբոլահի և իրանական շահերի համար վտանգ զգալով Թեհրանը կարող է զինել նաև Իսրայելի հարևանությամբ, Սինայում գտնվող տարբեր խմբավորումներին` իսլամիստական, բեդուիններին և այլն` Իսրայելի համար նաև հարավից նոր ճակատ բացելու համար։
Հզբոլահ–Իսրայել հակամարտությունը, որին ոչ անմիջականորեն կներգրավվեն նաև Սիրիան ու Իրանը կարող է հանգեցնել ԻՊ–ի դեմ պայքարի թուլացմանն ու ջիհադականների հակագրոհներին բոլոր ուղղություններով։ Եթե Իսրայելը լայնածավալ հարձակում իրականացնի Հզբոլահի դեմ Սիրիայում կամ փորձի բուֆերային գոտի ստեղծել`խորանալով Սիրիայի տարածք, ինչպես 2006թ.–ին իսրայելցիներն արել են Լիբանանի հարավում, ապա Սիրիան պետք է արձագանքի`դա կլինի casus belli`տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում`Իրանից ստանալով համապատասխան ռազմա–տեխնիկական աջակցություն։ Սակայն Սիրիայի հարավում `Իսրայելի հետ պատերազմական ճակատի բացումը թուլացնելու է առանց այն էլ մարդկային ռեսուրսների առումով սպառված սիրիական բանակն ու ազդակ կլինի Իդլիբի, Ռաքայի և այլ շրջաններում գտնվող իսլամիստների համար անցնել հակահարձակման`հետ գրավել Պալմիրան, Հալեպը և այլն։

Իսրայելի համար ձեռնտու է Ասադի վարչակազմը, քան իսլամիստների, քանի որ վերջիններս միավորվելով ՀԱՄԱՍ–ի և այլ ուժերի հետ կսպառնան Իսրայել պետության գոյությանը։ Իսրայելն այս իրավիճակում պետք է ընտրի «չարյաց փոքրագույնը» և չթուլացնի Ասադին`իսլամիստների դեմ նրա պայքարում։ Սակայն Հզբոլահը նույնպես չպետք է «խաղա կրակի հետ»`չապակայունացնի վիճակը Իսրայելի հետ սահմանին ու չփորձի Հոլանի բարձրունքներում ստեղծել հենակետեր`ՑԱԽԱԼ(իսրայելական զինուժի) դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել