Տեղական որոշ ՀԿ-ների հավատարմագրած դիտորդների ճնշող մեծամասնությունն այլազգիներ ու օտարերկրյա քաղաքացիներ են. «Առավոտ»

«Առավոտ»-ը գրել է, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գրանցված ու Հայաստանում գործող մի քանի հասարակական կազմակերպությունների՝ ԿԸՀ ներկայացրած ցանկներում գերակշռում են այլազգիները, որոնց թվում շատ են հատկապես ուկրաինացիները ու վրացիները, կան նաև սլովենացիներ, եզդիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ:

Ըստ թերթի, այլազգի դիտորդներ հավատարմագրած տեղական հասարակական կազմակերպությունների ռեկորդակիրը Լևոն Բարսեղյանի ղեկավարած «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ն է, որի հայտավորած 343 դիտորդից 261-ը, այսինքն՝ ճնշող մեծամասնությունը օտարերկրյա քաղաքացիներ են: Իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն որպես դիտորդ հավատարմագրել է ՀԿ-ի կողմից հիմնված և տնօրինվող «ԱրմՌուսԻնֆո» (armrus.info) համացանցային տեղեկատվական պորտալի 50 թղթակցի, որոնց ճնշող մեծամասնությունը դարձյալ օտարերկրյա քաղաքացիներ են:

«Իհարկե, դժվար է հավատալ, թե Դանիել Իոաննիսյանի կողմից համակարգվող «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքը 50 աշխատակից ունի: Ակնհայտ է, որ այդ մարդկանց լրագրողի վկայական է տրվել խորհրդարանական ընտրություններում ներգրավելու նպատակով: Առավել հետաքրքրական է այն, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքի աշխատակիցների կարգավիճակով ապրիլի 2-ի ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում որպես ԶԼՄ ներկայացուցիչ հավատարմագրված օտարերկրացիների մի մասը ռուսաստանյան հասարակական շրջանակների ակտիվ ու որոշակի առումով հայտնի անձինք են: Ընդ որում, նրանց մի մասը ներկայացնում է «Ի պաշտպանություն ընտրողների ձայների «Գոլոս»» ասոցիացիան, որը գործունեության երկրի՝ ՌԴ դատարանի որոշմամբ լուծարվել է, իսկ պետգրանցումն էլ համարվել է անվավեր, հիմնականում՝ հրահրիչ գործունեություն ծավալելու մեղադրանքով: ….Անհասկանալի է՝ որևէ հասարակական գործիչ ինչո՞ւ է որոշել հետևել հայաստանյան ընտրություններին՝ նախընտրելով թաքնվել լրագրողի «դիմակի» ներքո: Անհասկանալի է նաև օտարերկրացիների նման բարձր հետաքրքրվածությունը մեր խորհրդարանական ընտրությունների հանդեպ», - գրել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել