Image may contain: 1 person, close-up

Քանի լռության օրը չի եկել, ուզում եմ կիսվել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավից ունեցածս տպավորություններով։ Եթե հակիրճ ասեմ, ապա վիրավորված եմ․․․

Վիրավորված եմ, որովհետև ողջ արշավում ԲՈԼՈՐ քաղաքական ուժերի թիրախային խումբը ասես իմբեցիլները լինեին։ Չեմ չափազանցնում։ Բոլոր արշավներն էլ ենթադրում են պոպուլիզմի, դեմագոգիայի ու ստի ինչ-ինչ չափաբաժինների կիրառություն, բայց այն, ինչ մատուցեցին մեզ այս ընտրություններին, լրիվ այլ մակարդակի բարձրացրեց դրանց չափաբաժինները։

Նման քաղաքական ծրագրերի ու խոստումների կարող են հավատալ միայն նրանք, ովքեր բացարձակ զուրկ են տրիվիալ քաղաքական, տնտեսական ու հասարակական գիտելիքներից և բացարձակ ունակ չեն նույնիսկ պրիմիտիվ վերլուծություններ ու համադրություններ անելու։ Ես չեմ բացառում, որ մեր հասարակության մի ստվար շերտ կա, որն իրոք այդպիսին է, բայց, դատելով այս արշավից, ստացվում է, որ կա՛մ քաղաքական կուսակցությունները համարում են, որ բոլորս ենք այդպիսին, կա՛մ էլ պարզապես գտնում են, որ ոչ այդ կոնտինգենտի ներկայացուցիչներն այնքան չնչին դերակատարություն ունեն, որ նրանց մասին կարելի է մոռանալ։

Ոչ մեկի օգտին չեմ պատրաստվում ագիտացիա անել։ Պարզապես արձանագրում եմ, որ առաջին ընտրություններն են, երբ ստիպված եմ լինելու ընտրել ոչ այնքան քաղաքական նախասիրություններով առաջնորդվելով, ոչ էլ անգամ պրոտեստային քվեարկության դիմելով, այլ զուտ այն նկատառումով, թե որ քաղաքական ուժն է ավելի քիչ փորձել հիմարի տեղ դնել ինձ, ավելի քիչ պոպուլիզմ է թույլ տվել ու ավելի քիչ անիրականանալի խոստումներ տվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել