Картинки по запросу չինաստանՉինաստանի իշխանությունները Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում, որտեղ տարածված է իսլամը, արգելել են կրել բուրկի՝ ավանդական մուսուլմանական հագուստ, որը ամբողջությամբ փակում է դեմքը։ Այս արգելքը բացատրել են անհանգիստ տարածաշրջանում ծայրահեղականության դեմ պայքարով, հայտնում է The Independent-ը։
Նոր կանոնները ուժի մեջ են մտնելու երկու օրից։

Օդանավակայաններում ու երկաթգծային կայաններում ծառայողները պարտավոր են լինելու կանանց իրազեկել բուրկի հագնելու արգելքի մասին։ Նաեւ արգելվում է պահել մորուք, որը բնորոշ չէ չինական մշակույթին։ Նահանգի որոշ շրջաններում այդ արգելքն արդեն գործում է, օրինակ, բուրկիով կնոջը թույլ չեն տալիս օգտվել հանրային տրանսպորտից։
Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի բնակչությունը կազմում է 21.813.334 մարդ: Բնակչության 45%-ը կազմում են իսլամ դավանող, թյուրքալեզու ույգուրները, իսկ 40%-ը չինացիներ են: Չինական իշխանությունները մեղադրում են ույգուրներին ազգայնականության և անջատողականության մեջ:

Ույգուրները իրենց հերթին հայտարարում են, որ իշխանությունները սահմանափակում են իրենք ինքնավարությունը և ոտնահարում իրավունքները:

Ույգուրների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է Համաշխարհային ույգուրական կոնգրես կազմակերպությունը: Այն ձևավորվել է 1992թ.-ին Ստամբուլում, սակայն այնուհետև Չինաստանի ճնշման հետևանքով կազմակերպության շտաբ-բնակարանը տեղափոխվել է Մյունհեն: Այս պահին կազմակերպությունը գլխավորում է Ռաբիա Կադիրը, ով այդ պաշտոնում ընտրվել է 2006թ.-ին:
«Արևելյան Թուրքմենստանի իսլամական շարժում» կազմակերպությունը, որի շատ անդամներ այս պահին գտնվում են Սիրիայում` իսլամիստական տարբեր խմբավորումներում, սպառնում են Չինաստանի կենտրոնական իշխանություններին ահաբեկչություններով։ Ույգուրական ծայրահեղականների հարձակման թիրախ են դառնում հիմնականում տեղի չինացիներն ու զինվորականներն ու ոստիկանները։

Պեկինը տարիներ շարունակ իրականացրել է Սինցզյանի ժողովրդագրական դեմքի փոփոխությանն ուղղված միջոցառումներ. տարբեր շրջաններից շինարարության, արդյունաբերության զարգացման պատրվակներով չինացիներ է բնակեցրել այդ շրջանում։ Թվաքանակի փոփոխությունը նպատակ ուներ թույլ չտալ ույգուրներին կոմպակտ բնակվել մի տարածաշրջանում ու առաջ քաշել անկախության պահանջներ։
Տարիներ շարունակ Պեկինը այդ տարածաշրջանում խոշոր ներդրումներ է իրականացնում տրանսպորտի (այդտեղով են անցնում Կենտրոնական Ասիայի հետ կապող ուղիները, ինչպես նաև արդյունաբերական, հանքաարդյունաբերության մեջ) արդիականացնում Ուրումչի քաղաքի օդանավակայանը, խրախուսում զբոսաշրջությունը։

«Բացելով» Սինցզյանի դռները Կենրոնական Ասիայի առջև՝ Պեկինը նպատակ ունի խրախուսել փոխադարձ այցերը, ներդրումներն ու դեպրեսիվ տարածաշրջանում նվազեցնել սոցիալական և այլ խնդիրներով պայմանավորված ու ազգայնական ենթատեքստ ստացող շարժումներն ու ցույցերը։
Ինչ վերաբերում է այս արգելքին, ապա դա կարող է առաջացնել մի շարք մահմեդական երկրների, առաջին հերթին Թուրքիայի դժգոհությունը, որոնք հանդես են գալու ի պաշտպանություն ույգուրների։

Սակայն Պեկինն երբեք չի զգուշացել արտաքին արձագանքներից. նրանք իրականացնում են իրենց ռազմավարությունն այդ թվում Տիբեթում և այլուր՝ ելնելով իրենց շահերից. չինացիների ռազմավարությունը միտված է հարյուրամյակներ առաջ. նրանք ունեն երկարաժամկետ պլանավորման դիվանագիտություն ու հասկանում են, որ ի վերջո ժողովրդագրությամբ`չինացիներին բնակեցնելով Սինցզյանում, Տիբեթում և այլուր, դա փոխկապակցելով միլիարդավոր դոլարների ուղիղ ներդրումներով ու աշխատատեղերի ստեղծմամբ նրանք կկարողանան նվազեցնել անջատողական տրամադրությունները։ Հավելենք, որ Չինաստանը մեծաքանակ զինված ուժեր է տեղակայել Սինցզյանում. դրանք գործում են հատուկ ծառայությունների ու ոստիկանության ուժեղացված խմբերի հետ համատեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել