Картинки по запросу արտեմ բալասանովԱդրբեջանն Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար, նախկին ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանում բնակվող հրեական համայնքն իրեն ապահով ու անվտանգ է զգում։ Այդ համայնքը կապող կամրջի դեր է կատարում երկրների միջև։ Նա հավելել է, որ Ադրբեջան-Իսրայել միջազգային ասոցիացիայի ջանքերի շնորհիվ երկկողմ կապերն ամրապնդվում են։

Իսրայելական Մոսադի ղեկավար Յոսի Քոենը վերջերս հայտարարել էր, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ պայմանավորվածության համաձայն՝ Մոսադը համագործակցելու է Բաքվի հետ ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարում, հեղաշրջումների կանխարգելման և բազմակողմ տարածաշրջանային դաշինքների ստեղծման հարցում։

Մոսադի ղեկավարի այս բացահայտումը մեսիջ է ոչ միայն ՀՀ-ին, այլ նաև Իրանին ու տարածաշրջանային այլ խաղացողներին։ Շատ է խոսվել և գրվել Իսրայել-Ադրբեջան ռազմա-քաղաքական դաշինքի մասին, զենքերի մատակարարումների, Իսրայելի համար` ադրբեջանական նավթի կարևորության մասին։

Իսրայելը կարծես թե ստանձնում է Ադրբեջանի անվտանգության պաշտպանի, ապահովողի, հովանավորողի դերակատարում, փաստացի ստեղծվում է ռազմական դաշինք։ Բաքվի դեպքում հասկանալի է, թե ում դեմ է այն ուղղված լինելու` ՀՀ-ի ու ԼՂՀ-ի, իսկ Թել-Ավիվի դեպքում այն, միանշանակ, ուղղված է լինելու Իրանի դեմ` հակաիրանական կոալիցիա ստեղծելու ու Իրանը «բուֆերային» երկրներով շրջապատելու ռազմավարությունից ելնելով։
Իսրայելը ռազմական, հետախուզական օգնություն է ցուցաբերելու Բաքվին. Մոսադի աշխատակիցները գտնվելու են Բաքվում։

Բացի այդ՝ Իսրայելն ու Ադրբեջանը պայքարելու են կրոնական ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ. Բաքվի պարագայում այդ որակումների տակ կարող են ընկնել ռեժիմի համար անցանկալի էլեմենտները։ Նարդարանի դեպքերը դեռ թարմ են, ինչպես նաև ազգային-կրոնական տարբեր կազմակերպություններ` թալիշներ, ավարներ, լեզգիները և այլոք։ Իսրայելը, փաստորեն, պաշտպանելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հնարավոր կազմաքանդման երևույթներից, ինչպես նաև ստանձնում է Ալիևի կլանի պաշտպանությունը. կողմերը պարտավորվում են թույլ չտալ պետական հեղաշրջումներ։

Ինչ վերաբերվում է տարածաշրջանային դաշինքների ստեղծմանը, ապա հասկանալի է՝ այդ դաշինքների մեջ չեն մտնելու ո՛չ ՀՀ-ն, ո՛չ էլ Իրանը։ Այդ դաշինքների մեջ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ուղղված են լինելու ՀՀ-ի, Իրանի դեմ, մտնելու են Թուրքիան (թուրք օդաչուները տեղակայվել են Ադրբեջանի մի շարք ռազմաբազաներում), թուրք-ադրբեջանական տանդեմը վաղուց գործում է, Վրաստանը՝ Թբիլիսին, վաղուց է գտնվում Անկարայի ու Բաքվի տնտեսական, ժողովրդագրական էքսպանսիայի կիզակետում և հնարավոր է նաև այլ երկրներ`Սաուդյան Արաբիա, Ծոցի երկրներ, Պակիստան, որոնք Իրանին դիտարկում են որպես հակառակորդ։

Իսրայելը նաև պարտավորվում է արդի տեխնոլոգիաներ տրամադրել Ադրբեջանին. դրանք հետախուզական իմաստով ուղղված են լինելու Իրանի դեմ, իսկ ռազմական առումով` ՀՀ-ԼՂՀ-ի` անօդաչուներ, հակատանկային համակարգեր, Երկաթե գմբեթ և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել