Картинки по запросу beeline armeniaՄեկը չկա՞՝ «Բիլայնի» տնօրինությանը հարցնի, թե էդ 1100 դրամ հեռախոսավարձի «պոչի» 100դրամի իմաստը ո՞րն է, եթե «Արմենթելի» կազմում գործող լարային ռադիոն վերացել է, նրա համար լրացուցիչ գանձվող 100 դրամն էլ, բնականաբար, պետք է որ ի չիք դառնար։ Հիշեցնենք, որ լարային ռադիոն («պատի ռադիոն») լուծարվեց դեռ 2005 թվին՝ հույների «տիրապետության» օրոք, երբ «Արմենթել»-ի սեփականատերը հունաստանյան ընկերությունն էր, իսկ տարիներ առաջ «Արմենթելն» անցավ ռուսաստանյան ընկերության ձեռքը։ Հիմա եթե «Բիլայնը» բջջային ցանցում զեղչեր է անում ու այնքան շահույթներ ունի, որ պարբերաբար բարեգործություններ է անում, ինչո՞ւ ֆիքսված հեռախոսակապի վարձը չի իջեցնում։ Ո՞րն է առնվազն այդ անկապ 100 դրամ «կույր աղիքի» իմաստը (թեպետ ցանկության դեպքում կարող է էլի իջեցնել հեռախոսավարձը)։ Եթե ցանցի ներսում րոպեավճար է գործում, ինչո՞ւ է ամենամսյա 1100 դրամ վարձ գանձվում, երբ որ անգամ սպասարկման ծառայությունն է լուծարվել, ու քաղաքային հեռախոսների նորոգում վաղուց ի վեր չի իրականացվում «Արմենթելի» ծառայությունում (մասնավոր կետերն էլ «ստվերային» դաշտում են ու պետք է ծանոթով իմանաս դրանց տեղը)։ Ու ոչ միայն սպասարկման ծառայությունն է լուծարվել, այլեւ բաժինների օպտիմալացում է տեղի ունեցել, բաժինների կենտրոնացում Երեւանում, մարզային բաժինների լուծարում ու աշխատողների մեծաքանակ կրճատում, ու առնվազն դրա հաշվին կարելի էր էժանացում կատարել ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների ոլորտում։ Միակ էժանացումը, սակայն, այն է, որ մայրաքաղաքից մարզեր խոսակցությունների րոպեավճարը հանվել է եւ այն միավորվել է ընդհանուր տեղական խոսակցությունների հետ, բայց պահպանվում է խոսելու «չափավորության» լիմիտը․ այն է՝ մարդը ամսվա մեջ իրավունք ունի անվճար խոսելու միայն 6 ժամ (այսինքն՝ օրվա մեջ 10 րոպե, որը, եթե բաժանենք առնվազն մի քանի անդամից բաղկացած ընտանիքի անդամների թվի վրա, կստացվի մեկ-երկու րոպե)։ Փաստորեն՝ օտարերկրյա սեփականատերը մեր սեփական երկրում բառացիորեն սահմանափակում է մեր խոսելու իրավունքը։ Ինչքա՞ն գոռգոռաց այդ մասին դեռ մի 10 տարի առաջ Սադոյանը՝ Ազգային ժողովի ամբիոնից, որ չի կարելի թույլ տալ, որ րոպեավճար մտցվի, դաշնակներն էլ մի թեթեւ ընդվզեցին ու հեռախոսից մեկ օրով հրաժարվելու կոչ արին, բայց լսողն ո՞վ էր․ «Արմենթելի» հունաստանյան սեփականատերը րոպեավճար մտցրեց, ռուսաստանյան սեփականատիրոջ մտքով էլ չի անցնում հակաժողովրդական որոշումը վերացնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել