Dialogue.am-ը գրում է․

Եթե լրացել է Ձեր 65 տարին,  չունեք կեսաթոշակ ստանալու իրավունք, քանի որ չունեք աշխատանքային ստաժ, ապա այս դեպքում ևս Դուք չեք մնա ձեռնունայն։ Պետությունը փորձել է ձեռք մեկնել նաև նրանց, ովքեր դպրոցից հետո այդպես էլ երբևէ չեն աշխատել կամ աշխատել են, բայց չունեն  գրանցված ստաժ ու գործատուի հետ չեն կնքել քաղիրավական պայմանագիր: Նպաստը, որը նշված դեպքերում նշանակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը, կոչվում է  ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ :

Dialogue.am  Սոցիալական իրավունք շարքի հերթական հրապարակմամբ այս անգամ անդարադառնում ենք ծերության նպաստի տրամադրման կարգին ու չափին:

 Սկսենք նրանից, որ ծերության նպաստը նշանակվում է ՑՄԱՀ։ Այն, ի տարբերություն կենսաթոշակների չափի, հաստատուն է՝ ցանկացած քաղաքացի որպես ծերության նպաստ ամեն ամիս ստանում է կայուն եկամուտ, որը կազմում է ընդամենը  16 հազար դրամ:


ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից մեզ տրամադրված տվյալների համաձայն՝ Հանրապետությունում ծերության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը միայն  2016-ին կազմել է 3 973 նպաստառու:


Ում դիմել և ինչ փաստաթղթեր ներկայացնել

Ծերության նպաստը նշանակելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին անձամբ դիմի ՍԱՊԾ-ի ցանկացած  տարածքային կենտրոն՝ անկախ իր բնակության հաշվառման վայրից, քանի որ նպաստը նշանակվում է  ստանալու իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա։

Դիմումին կից ներկայացվում են անձը հաստատող փաստաթուղթ՝անձնագիր կամ նույնականացման քարտ։

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձիք՝ արպես անձը հաստատող փաստաթուղթ, կարող են ներկայացնել` ՀՀ-ում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձիք` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել նպաստը կամ մերժել: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին դիմողը գրավոր է ծանուցվում:

Նպաստի նշանակումը կարող է մերժվել, եթե դիմողը չունի նպաստի իրավունք (օրինակ՝ դեռ չի լրացել 65 տարին կամ արդեն իսկ ստանում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ) կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:

Նկատենք, որ ծերանոցում բնակվող անձին ծերության նպաստ չի նշանակվում և չի վճարվում։

Ծերության նպաստը նշանակվում է նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:

Ուշադրություն.Եթե քաղաքացին ՍԱՊԾ դիմում ներկայացնի իր 65-ը լրանալուց հետո 3 ամիս անց,  ապա նախորդ երեք ամիսների վճարվելիք նպաստը չի ստանա, փոխարենը նպաստը կնշանակվի և կհաշվվի  դիմումը ներկայացնելու օրվանից:

Այն նշանակելու համար 65 տարեկանը լրանալուց հետո կարող եք դիմել ցանկացած ժամանակ` Ձեր հայեցողությամբ:

18.thumb

 

Ծերության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

  • Նպաստառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում,
  • Նպաստառուին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակ նշանակելու դեպքում,
  • Նպաստառուի՝  ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.
  • ՀՀ երկքաղաքացի նպաստառուի` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում, ինչպես նաև ՀՀ բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում,
  • Նպաստի իրավունքը կորցնելու կամ նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում,
  • Նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ նպաստ չվճարելու դեպքում,
  • Նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում։
     

Ծերության նպաստի չվճարված գումարը վճարելու կարգը

  • Ծերության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող 1 տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել:
  • Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ նպաստառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն հասցեում հաշվառված լինելու հանգամանքից։  Ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ ՀՀ բնակչության պետռեգիստրում առկա տվյալների, նպաստառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն հասցեում։
  • Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն են ներկայացվում նպաստառուի մահվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում։ 6-ամսյա ժամկետում չդիմելու դեպքում չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են նպաստառուի մահվանից հետո` 12 ամիսների ընթացքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել