sevanAraratnews.am-ը գրում է.

BBC հեռուստաընկերության Հայաստանի և մի շարք այլ երկրների գրասենյակների ղեկավար Սերգեյ Ստանովկինը, ով Երևանում անցկացնում է ռազմավարական հաղորդակցության և զբոսաշրջային բրենդի վերաբերյալ երկօրյա սեմինար, կարծում է, որ Հայաստանը զբոսաշրջության զարգացման համար ունի մեծ ապագա, քանի որ դրա համար այստեղ կա ամեն ինչ՝ բացառությամբ հաղորդակցության: Նրա խոսքով` աշխարհը շատ քիչ բան գիտի Հայաստանի մասին: «Այսօր խնդիրը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև մրցակցային պայքարում հաղթելը: Այսինքն` երկրի կերպար ստեղծելը, որտեղ կցանկանան այցելել զբոսաշրջիկները: Իսկ դրա ստեղծումը շատ դժվար խնդիր է, ավելի հեշտ է տեղեկացնել զբոսաշրջային ուղղությունների մասին: Դժվար է ստեղծել այն երկրի կերպարը, որը պայքարում է մրցակից երկրների հետ զբոսաշրջիկների ներգրավվման համար»,­ «Արմենպրես»-­ի հաղորդմամբ`ասաց Ստանովկինը:

BBC հեռուստաընկերության Հայաստանի և մի շարք այլ երկրների գրասենյակների ղեկավարի դիտարկմամբ` մյուս կարևոր ասպեկտն այն է, որ զբոսաշրջային բրենդինգը պատասխանում է երկրի ներդրումային գրավչության համար, ինչը Հայաստանի համար չափազանց արդիական խնդիր է: Ստանովկինի համար տեսանելի են այն մեծ ջանքերը, որոնք գործադրվում են ներդումները Հայաստան բերելու համար: Սակայն խնդիրն այն է, թե ինչպես ներդրողը կարող է տեսնել երկրի ներդրումային հնարավորությունները: «Դուք ստեղծում եք ներդրումային հարթակ, իսկ ներդրողն ինչպե՞ս իմանա դրա մասին: Ավելին` ներդրողը կունենա՞, արդյոք, ժամանակ տեսնելու այդ հարթակը: Այստեղ կան բազմաթիվ հարցեր: Կան երկրներ, որոնք ունեն զարգացած տնտեսություն և, առաջ տանելով զբոսաշրջային պոտենցիալը, ունենում են մեծ քանակով ներդրողներ: Ներդրողը գալիս է երկիր սեփական կամքով, գալիս է այն երկիր, որտեղ իրեն հարմար է: Միայն փողը որոշիչ չէ ներդրողի համար, այլ կան բազմաթիվ ուրիշ գործոններ, որոնք ուղղորդում են նրան` լինե՞լ ներդրող, թե ոչ»,-­ ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել